12:36   13-05-2021
Շիրակում կմեկնարկեն լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ
Թողնել մեկնաբանություն

Շիրակի մարզում կապիտալ շինարարությանն ուղղված հատկացումներն ավելացել են: Այս մասին աշխատանքային 100 օրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը՝ անդրադառնալով բոլոր ոլորտներում արված աշխատանքներին, ծրագրերին ու նախաձեռնություններին։ Մինչ ոլորտային ձեռքբերումներն ու թերացումները ներկայացնելը, Շիրակի մարզպետը շնորհակալություն  հայտնեց լրատվամիջոցներին անաչառ աշխատանքի համար։

 Խոսելով քաղաքաշինական հիմնահարցերի մասին՝ մարզպետը կարևորեց, որ Շիրակում կապիտալ ծախսերը գործնականում չեն կրճատվել, իրականացվելու են մի շարք աշխատանքներ, որոնք դրական ազդեցություն կունենան մարզի սոցիալ-տնտեսական կյանքի վրա: «Այն, որ պետությունն ամեն ինչ անում է քաղաքաշինական ծրագրերը չկրճատելու համար, արդեն իսկ քիչ չէ։ Մեզ մոտ այս տարի սպասվում է լուրջ ճանապարհաշինական աշխատանքների իրականացում, դրանց մեկնարկը կտրվի մի քանի օրից։ Շուտով ավարտին կմոտենան գյուղական բնակավայրերում անօթևանների բնակարանաշինական աշխատանքները։ Կարևոր է նաև մասնավոր ընկերությունների կողմից բնակարանային շինարարությանը վերաբերող ծրագրերի իրականացումը, ինչը ենթադրում է նոր աշխատատեղեր, նոր շարժ։

Հովհաննես Հարությունյանը վստահեցրեց, որ մարզային իշխանություններն առաջնորդվում են ներդրողներին քաջալերելու աշխատաոճով: «Բոլորս ենք հասկանում, որ ցանկացած նոր ներդրում կարող է փոփոխություն բերել իր հետ, սա վերաբերում է բոլոր տեսակի ներդրումներին։ Մենք պետք է մեր ներուժը կարողանանք ներկայացնել և ճիշտ օգտագործել։ Շիրակում ամենամեծ կապիտալը բանիմաց մարդիկ են, մեր մարզը պետք է դիտարկել լուրջ ներուժի տեսանկյունից։ Այդ առումով ենք մենք աշխատանքներ տանում։ Մի շարք պայմանավորվածություններ ունենք, դրանք վերաբերում են ինչպես արտադրությանը, այնպես էլ շինարարաության բնագավառին»։

Loading...