19:04   14-05-2021
Որևէ ուժ չպետք է այս իրավիճակը օգտագործի երկրում ներքաղաքական դրությունը խաթարելու համար. Աբովյան
Թողնել մեկնաբանություն

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես, Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը:  

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ԲՀԿ խմբակցության քարտուղարից հետաքրքրվեց՝ եթե այս իրավիճակում Կառավարությունը ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարի, ինչպիսի՞ն կլինի ԲՀԿ դիրքորոշումը: 

Արման Աբովյանն անուղղակի նշեց, որ արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ԲՀԿ-ն այն քաղաքական քայլ չի դիտարկի, նաև ասաց, որ որևէ մեկը, որևէ ուժ այս իրավիճակը չպետք է օգտագործի երկրում ներքաղաքական դրությունը խաթարելու համար: 

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց՝ ո՞ր գերատեսչությունների ներկայացուցիչներն են հրավիրվել արտահերթ նիստին, և ինչո՞ւ չեն ներկայացել:  

Աբովյանն ասաց, որ հրավիրվել են ԱԳՆ, ՊՆ, ԱԱԾ ներկայացուցիչները, այս պահին ներկա է միայն ԱԳՆ ներկայացուցիչը:  

ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ խորհրդի նիստի ընթացքում որոշվել է դիմել Կառավարություն և հրավիրել համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին: «Կարևոր է, որ նրանք նաև տեղեկացված պաշտոնյաներ լինեն, և չեմ բացառում, որ նիստի ընթացքում մեր գործընկերները կգան խորհրդարան»,- ասաց նա: 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի դիտարկմանը՝ ինչո՞ւ նիստը դռնփակ չէ, Ա.Աբովյանը նշեց, որ խորհրդի նիստում որոշում է ընդունվել հարկ եղած դեպքում այն դռնփակ անցկացնել, եթե միջնորդություն ներկայացվի: Մինչդեռ միջնորդություն չի ներկայացվել, ուստի նիստը դռնբաց է ընթանում: 

Loading...