10:40   10-06-2021
«ԱՄՆ-ն վերադարձել է»․ Բայդենը սկսել է նախագահի պաշտոնում իր առաջին օտարերկրյա ուղևորությունը
Թողնել մեկնաբանություն

Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը մեկնարկել է նախագահությունը ստանձնելուց ի վեր իր առաջին օտարերկրյա ուղևորությունը, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։ Նախ նա մեկնել է Մեծ Բրիտանիա։

8-օրյա եվրոպական այցի շրջանակներում Բայդենը Կոռնուոլում կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, կմասնակցի Մեծ Յոթնյակի երկրների գագաթնաժողովին, Վինձորի ամրոցում հանդիպում կունենա Եղիսաբեթ 2-րդ թագուհու հետ։ Այնուհետև ԱՄՆ նախագահը կմեկնի Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ բանակցությունների, իսկ վերջում՝ Ժնև՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։

Կոռնուոլ մեկնելուց առաջ՝ Բրիտանիայում ամերիկյան ռազմաբազայի զինվորականների առջև ելույթի ժամանակ Ջո Բայդենը հայտնել է, որ իր այցի բոլոր փուլերում ցույց կտա, որ ԱՄՆ-ն վերադարձել է՝ այսպիսով ակնարկելով, որ իր վարչակազմի դիրքորոշումն արտաքին քաղաքականության հարցերում էապես տարբերվում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումից։

Բայդենը զինվորականների ծափահարությունների ներքո ասել է, որ կհանդիպի Պուտինի հետ, որպեսզի «նրան հասկացնի այն, ինչ ուզում է, որ նա իմանա»։

Բայդենը նաև ասել է, որ Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններ է ցանկանում՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ Վաշինգտոնն ուժեղ կարձագանքի, եթե Ռուսաստանի կառավարությունը վնասակար գործունեություն ծավալի։

Գրում է Shantnews.am -ը:

Loading...