16:15   20-07-2021
Պաշտպանները միջնորդել են վերացնել Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 18-ին այցելել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն, որը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում:
Նախարարի պաշտոնակատարը Լոռու մարզպետի պաշտոնակատար Արամ Խաչատրյանի, Դեբետի համայնքապետ Աշոտ Ղազարյանի և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կենտրոնով, ծանոթացել կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին, ՔՈԱՖ-ի գյուղական համայնքների արդիականացմանն ու թվայնացմանն ուղղված քայլերին։
Հայկ Չոբանյանը կարևորել է սոցիալական, կրթական, տնտեսական և հանրային ոլորտներում լավագույն տարածաշրջանային ծրագրերը գյուղական համայքներին փոխանցելու ՔՈԱՖ-ի դերը:
«Բարձր տեխնոլոգիական Հայաստանը մեր երկրի անվտանգության և հայ ժողովրդի գոյատևման նախապայմանն է։ Տեխնոլոգիական երկիր դառնալու համար հարկավոր է նորարարական, ապագային միտված մոտիվացնող կրթություն ունենալ, իսկ կրթության մեջ ամենակարևորը բովանդակությունն է։ ՔՈԱՖ-ի ՍՄԱՐԹ կենտրոնի այս մոդելը ապագայամետ և խոստումնալից ներդրում է մեր կրթական համակարգում, և նախարարությունը կաջակցի, որպեսզի նման կենտրոնները բազմապատկվեն ամբողջ Հայաստանում»,-նշել է Հայկ Չոբանյանը։
Գյուղական համայնքների զարգացմանն աջակցելու նպատակով՝ այցի ընթացքում համագործակցութան հուշագիր է ստորագրվել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի միջև։

Հուշագրով նախատեսվում է իրականացնել անհրաժեշտ համագործակցություն կողմերի միջև․ նպաստել բազմաոլորտ համակարգային խնդիրների լուծմանը, ապահովել գերարագ համացանցային կապի և ծառայությունների հասանելիություն, զարգացնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ենթակառուցվածքների կարողությունները ՀՀ հեռավոր տարածքների և գյուղական բնակավայրերի համար:
Այցի շրջանակներում հյուրերը նաև շրջայց են իրականացրել Դեբետում, ծանոթացել են համայնքում առաջին անգամ ինտերնետի օպտիկական կապուղու անցկացմանն ու հանրային ծառայությունների թվայնացմանը վերաբերող նորություններին։

Loading...