13:18   21-07-2021
Վրաստանը կորոնավիրուսի տարածման տեմպերով անցել է «կարմիր գոտի»
Թողնել մեկնաբանություն

Վրաստանը կորոնավիրուսի տարածման տեմպերով անցել է, այսպես կոչված, «կարմիր գոտի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Sputnik Georgia-ն, այս մասին հայտնել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

«Այսօր մենք մոտենում ենք այն մակարդակին, որը կար երրորդ ալիքի պիկի ժամանակ՝ մայիսի 17-ի դրությամբ: Այսօրվա համաճարակային իրավիճակը նման է նաև այն իրավիճակին, որը կար հոկտեմբեր-նոյեմբերին, երբ մենք մոտենում էինք պիկին: Սա ուշադրության է արժանի: Բոլոր չափանիշներով մենք անցել ենք «կարմիր գոտի»: Մինչ այդ Ջոն Հոփկինսի քարտեզում մենք «նարնջագույն գոտում» էինք, հիմա արդեն «կարմիր գոտում» ենք: Սա տագնապի առիթներից մեկն է»,- ասել է Գամկրելիձեն:

Վրաստանի գլխավոր համաճարակաբանի խոսքով՝ Վրաստանն ունի 1.5 միլիոն դեղաչափ չինական Sinovac և  Sinopharm պատվաստանյութեր, ինչպես նաև 43 հազար դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ, որն օգտագործվում է նրանց համար, որոնք անցնում են պատվաստման երկրորդ փուլը: Ակնկալվում է ևս 1.3 միլիոն դեղաչափ պատվաստանյութ СOVAX հարթակից և ևս 1 միլիոն դեղաչափ Pfaizer պատվաստանյութ, որոնք տեղ կհասնեն աստիճանաբար՝ մինչև հոկտեմբեր:

Գամկրելիձեի խոսքով՝ համաճարակային իրավիճակի վատթարացումից խուսափելու միակ միջոցը ակտիվ պատվաստումն է և գործող կարգավորումներին հետևելը:

 Գրում է Shantnews.am -ը:

Loading...