14:53   21-07-2021
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտները ստացան ավարտական վկայականներ
Թողնել մեկնաբանություն

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտները հաջողության են հասել Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումներում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2020-21 թվականների շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ այս մասին ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը:

«Վստահ եմ, որ այս շատ կարևոր ուսումնական հաստատության պատմության մեծ մասին ծանոթ եք: Ավելին, մեր կողքին կան մարդիկ, ովքեր անմիջական մասնակցություն են  ունեցել ակադեմիայի ձևավորման և զարգացման գործում: Սակայն ավելորդ չեմ համարում բարձրաձայնել, որ այսօր ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային տարբեր կառույցների մոտ բարձր հեղինակություն վայելող այս կրթահամալիրը 29 տարի առաջ իր ճանապարհը սկսել է որպես կադրերի վերապատրաստման ինստիտուտ: 

Այսօր ակադեմիան ձևավորել է միջազգային համագործակցության լայն ցանց, որն ընդգրկում է աշխարհի բազմաթիվ առաջատար երկրներ, բուհեր և միջազգային կազմակերպություններ: Նորարար տեխնոլոգիաների ամենօրյա զարգացումը թույլ է տալիս պատրաստել մասնագետներ, որոնք պահանջված են ոչ միայն Արտակարգ իրավիճակների նախարարությունում, այլ նաև այլ կառույցներում»,- նշեց Փիլոյանը:

Նրա խոսքով` Ակադեմիան ավարտած շրջանավարտների մեծ մասը՝ շուրջ 400-ը, հաջողության են հասել Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումներում, իսկ 36-ն այսօր աշխատում են Ակադեմիայում:

2020-21 թվականների ուսումնական տարում ակադեմիայի 187 ուսանող ստացել է բակալավրի և մագիստրոսի աստիճանի կոչում, իսկ 64-ը՝ միջին մասնագիտական կրթություն:

Իր գործունեության ընթացքում Ակադեմիան տվել է 2 215 շրջանավարտ: Ակադեմիան կրթական գործունեությունն իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված լիցենզիայով սահմանված մասնագիտությունների գծով` միջին մասնագիտական, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով շնորհում է պետական նմուշի դիպլոմներ: Ակադեմիայում գործում է 3 ֆակուլտետ:


Loading...