15:55   29-07-2021
Պետության կողմից ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում կստանան նաև ուսանողական նոր խմբեր
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունը հավանություն տվեց «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում և «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, նաեւ դրանք համարեց անհետաձգելի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշեց, որ նախագծերն ուղղված են պետության կողմից ուսանողների ֆինանսական աջակցության հասցեականությանը, նաև նպատակայնության ու ծավալների ընդլայնմանը:

«Նախագծերի ընդունումը հնարավորություն կտա կառավարության որոշմամբ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսհաստատություններում սահմանել սովորողների առանձին խմբեր, որոնք կարող են լրիվ կամ մասնակի օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստից:

Գործող կարգերով, պետության կողմից ուսման վարձի փոխհատուցումից օգտվում են ուստարվա արդյունքներով բարձր առաջադիմություն դրսևորած սովորողները, օրենքով սահմանված ուսանողական խմբերին պատկանող ուսանողները, անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների ուսանողները, սոցիալական աջակցություն ստացող սահմանային համայնքների ուսանողները»,- ասաց Դումանյանը:

Նրա խոսքով՝ պետության կողմից աջակցություն տրամադրելու համար օրենքում ավելացվել են սովորողների առանձին խմբեր՝ մարտական գործողությունների մասնակից կամ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողները: «Այս փոփոխությունների արդյունքում կառավարության կողմից կհաստատվեն համապատասխան կարգեր, որոնցով կկարգավորվեն նաեւ մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին, առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրված կրթական ծրագրով ընդունված 2 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին տրվող նպաստների հետ կապված հարաբերությունները, չափերը, ինչպես նաեւ կամրագրվեն առաջադիմության շեմեր (ՄՈԳ), նպատակ ունենալով խրախուսել սովորողների առաջադիմությունը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը՝ ավելացնելով, որ ներկայումս առաջադիմության շեմի քննարկվող տարբերակներից են ՄԿՈՒ համակարգում՝ 60 տոկոս, բուհական համակարգում՝ 70 տոկոս, մագիստրատուրայում՝ 80 տոկոս:

Դումանյանը հավելեց, որ վերջին տարիներին կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել են միջոցներ, ինչի արդյունքում ուսման վարձի փոխհատուցում են ստացել 2 և ավելի երեխա ունեցող, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողները: «Աջակցություն կստանան միայն այն ուսանողները, որոնք կհաղթահարեն սահմանված առաջադիմության շեմը, բացառությամբ նախկինում շահառու հանդիսացած ուսանողների: Նախագծի ընդունման դեպքում ուսման վարձի մասնակի փոխհատուցումից այս տարի կօգտվեն շուրջ 4 000 ուսանողներ: 2022-ին օգտվողների թիվը կկազմի 6 800, 2023-ին՝ 6 000, 2024-ին՝ 4 600»,- ընդգծեց նախարարի պաշտոնակատարը՝ հիշեցնելով, որ կա նաև առանձին միջոցառում, որով 44-օրյա պատերազմի մասնակցած ուսանողներին, նրանց զավակներին ու ամուսիններին մեկ  կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում է տրվում, որով արդեն իսկ 7 074 շահառու է ներգրավված. դրա համար տրվել է 1 464 մլրդ դրամ:



Loading...