15:33   30-07-2021
Սահմանային շերտում առանց թույլտվության տեսալուսանկարահանում անելու համար կսահմանվի տուգանք
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել սահմանային շերտ մուտք գործած անձանց օգտագործել ԱԹՍ-ներ, տեսալուսանկարահանում անել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը:

«Նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող անօդաչու թռչող սարքերի օգտագործման հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու, սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, բնակվելու կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը հստակեցնելու, ինչպես նաև նշված իրավախախտման համար սահմանված վարչական պատասխանատվության չափը վերանայելու անհրաժեշտությամբ»,-հիշեցրեց Մելքոնյանը:

Առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո փաթեթում որոշակի փոփոխություններ են կատարվել: Այսպիսով, նախագծով առաջարկվում է արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները եւ արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն էլ, կարևորելով նախագծի ընդունումը, ասաց. «Այսօր, սահմանների փոփոխմամբ պայմանավորված, բազմաթիվ դեպքեր են գրանցվում, երբ քաղաքացիների, զբոսաշրջիկների կողմից կիրառվում են թռչող սարքեր, լուսանկարահանվում են, տեսանկարահանվում են, տարբեր մեկնաբանություններ են արվում սահմանային շերտերի վերաբերյալ, ինչն առաջացնում է լուրջ խնդիրներ»:

Խաչատրյանը տեղեկացրեց, որ սահմանային շերտում ընդունված կանոնների խախտման համար սահմանվել է տուգանք նվազագույն աշխատավարձի մինչև 100-պատիկի չափով:


Loading...