12:24   31-07-2021
ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ խաղաղ բանակցային գործընթացը վերսկսելու ԵԱՀԿ ՄԽ մոտեցումները
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումները՝ վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ բանակցային գործընթացը, որոնք ներկայացված են նրանց հուլիսի 29-ին շրջանառված համատեղ հայտարարության մեջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության տարածած մեկնաբանության մեջ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների նախորդ՝ մասնավորապես 2020թ դեկտեմբերի 3-ի և 2021թ ապրիլի 13-ին համատեղ հայտարարություններում հստակ ամրագրված են խաղաղ գործընթացի առաջնահերթ խնդիրները, որոնք կարող են հիմք ստեղծել բանակցությունների համար։  

Համանախագահների հայտարարությունը մեկ անգամ ևս փաստում է, որ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության բանալին ղարաբաղյան հակամարտության համապարփակ և տևական կարգավորումն է»,- շեշտել են ՀՀ ԱԳՆ-ում։

Ըստ աղբյուրի՝ մայիսի 12-ից սկսած Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումը և վերջին օրերին ՀՀ պաշտպանական դիրքերի վրա հարձակումները հանգեցրել են իրավիճակի սրմանը։ Հայաստանը մշտապես հանդես է եկել իրավիճակի դե-էսկալացիայի դիրքերից և այս առնչությամբ կատարել է կոնկրետ առաջարկներ, մասնավորապես՝ հետ քաշել զինվորական ստորաբաժանումները մայիսի 11-ի դրությամբ առկա ելման դիրքեր։

ՀՀ ԱԳՆ-ն վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի գործողություններին հասցեական գնահատականը կնպաստի ստեղծված պայթունավտանգ իրավիճակի հաղթահարմանը։

Loading...