16:02   30-08-2021
Image Description
«Վարչապետի գավաթ»․ սիրողական խճուղային հեծանվավազքի մասնակցության պայմաններն ու մրցանակները
Թողնել մեկնաբանություն

Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում սեպտեմբերի 19-ին կանցկացվի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Մրցաշարի նպատակներից են հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը և «Հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի արմատավորումը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի համապատասխան հրամանով արդեն հաստատվել են մրցաշարի կանոնակարգը և մասնակցության հայտաձևերը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ կից ներկայացնելով մասնակցության պայմանները:

Հեծանվավազքին մասնակցելու համար անհրաժեշտ է բժշկի համապատասխան թույլտվություն։

Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վերջին 3 տարվա ընթացքում մասնակցել են հեծանվային սպորտի ՀՀ և միջազգային առաջնությունների:

Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական հեծանիվներով և սաղավարտներով: Բացառվում է սպորտային-մրցակցական, էլեկտրական կամ մոտորային հեծանիվներով մասնակցությունը:

Մրցաշարը մեկնարկելու է Շորժա համայնքից, ժամը 13:00-ից։ Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումից մեկ ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով և բժշկի համապատասխան թույլտվությամբ: Հեծանվավազքը կանցկացվի մեկ փուլով՝ Շորժայից դեպի Սևանի թերակղզի (տարածքը՝ 40 կմ), և երկու տարիքային խմբով.

առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ,

երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։

Պահանջվող պայմաններին չհամապատասխանողների մասնակցությունը չի թույլատրվելու:

Նշենք, որ մրցաշարի մասնակիցների անվճար տեղափոխումը կկազմակերպվի սեպտեմբերի 19-ին, ժամը 7:45-ից, «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանից:

Վերադարձը Սևանի կայարանից՝ ժամը 19:00-ին:

Պարգևատրում

Հեծանվավազքի արդյունքները կամփոփվեն մրցման ավարտից անմիջապես հետո:

1-ին տեղ զբաղեցրած մասնակիցները կստանան 1 մլն դրամ, 2-րդ տեղ՝ 600 հազար, 3-րդ՝ 400 հազար, 4-րդ՝ 150 հազար, 5-րդ՝ 100 հազար, 6-10-րդ տեղեր՝ 75 հազար, 11-20-րդ տեղերը զբաղեցրածները՝ 50 հազար դրամ։

Երկու տարիքային խմբերում 1-3-րդ տեղերը գրաված մասնակիցները կպարգևատրվեն նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով, մեդալներով։

Բացի դրանից՝ բոլոր մասնակիցները կստանան մարզաշապիկներ և հավաստագրեր:

Մասնակցության հայտ

Մրցաշարին մասնակցելու համար ներկայացվում է հայտ՝ համաձայն կցված ձևի, անձնագրի կամ նույնականացման վկայականի, և մրցաշարին մասնակցելու համար բժշկի թույլտվության պատճենները: Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչություն մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ 

Loading...