14:38   14-09-2021
Image Description
Երևանի ավագանին ընդունեց պարգևավճարների ֆոնդը 100 մլն դրամ սահմանելու որոշումը
Թողնել մեկնաբանություն

 Երևանի ավագանին որոշեց «Կառավարման մարմնի պահպանում» ծրագրում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածն ավելացնել 832 մլն 74 հազար դրամով։         

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը հայտնեց, որ ըստ նախագծի պահուստային ֆոնդի վարչական մասն էլ կհամալրվի 28 մլն 880 հազար դրամով՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածը նվազեցնելով 860 մլն 955 հազարով։

«Նախորդ ավագանու նիստի ժամանակ աշխատավարձի բարձրացման մասով օրենքի տրամաբանական շարունակությունն է, որի արդյունքում պարգևավճարների ֆոնդը սահմանվել է 100 մլն դրամ, իսկ մնացած գումարը տեղափոխվել է աշխատավարձերի ծախսային մաս»,- նշեց Ներսիսյանը։

Որոշումն ընդունվեց միաձայն՝ 37 «կողմ» ձայներով։

Երևանի ավագանին հուլիսի 29-ին կայացած արտահերթ նիստում քննարկել և որոշել էր բարձրացնել քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հաստիքային միավորների դրույքաչափերը: Նախագծով նախատեսվում էր վերանայել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հաստիքացուցակը, մասնավորապես, դրանում նախատեսված հաստիքային միավորների դրույքաչափերը: Նախագծով առաջարկվում էր բարձրացնել շուրջ 2000 աշխատակցի աշխատավարձերը։ Նախագծով ավագանու անդամների ստացած ամսական նվազագույն աշխատավարձի չափով (68.000 դրամ) փոխհատուցման գումարը չի ավելանում։ Երևանի քաղաքապետարանի աշխատավարձերի և հավելավճարների ընդհանուր տարեկան ֆոնդը կազմում է մոտ 7 մլրդ դրամ:


Loading...