ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ լարվածության թուլացման համար պետք է մտնել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների փուլ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում:
Անդրադառնալով մամուլում շրջանառվող հրապարակումներին, թե Մոսկվայում հաջողվել է պայմանավորվել սահմանագծման և սահմանազատման շուրջ՝ Քոչարյանն ասաց, որ չի կարող ոչ հաստատել, ոչ էլ հերքել նման տեղեկատվությունը:
«Այդ մասին հրադադարի ռեժիմը հաստատելուց հետո գնում են խորհրդատվություններ: Բնականաբար, մենք պետք է մտնենք այդ փուլ, որովհետև այդ փուլ մտնելուց սկսած պետք է կարողանանք լարվածության թուլացման և դեպի խաղաղություն գնացող գործընթացը դարձնել անշրջելի»,- ասաց Քոչարյանը: