15:52   18-09-2021
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներին պարգևավճարներ տալու քննադատությանը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Գյումրիում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներին պարգևավճարներ տալու քննադատությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սիմոնյանը նշեց, որ պարգևավճարները տրվել են իր որոշմամբ ու որ քննադատությունից չի վախենում, վստահ է՝ ճիշտ որոշում է կայացրել։

«Անկախության 30-ամյակի առիթով ամբողջ պետական ապարատի բոլոր աշխատակիցները, իմ տեղեկություններով, ստանալու են այդ վճարը, և ես որոշում եմ կայացրել, որ ԱԺ–ի աշխատակազմն ու պատգամավորները նույնպես պետք է ստանան այդ վճարումները»,– նշեց նա։

ԱԺ նախագահը նշեց, որ լսել է ընդդիմադիր պատգամավորների հայտարարությունները պարգևավճարները բյուջե վերադարձնելու, ապա՝ բարեգործական տարբեր նպատակների ուղղելու մասին։

Արձագանքելով ընդդիմությանը` Սիմոնյանը հայտարարեց` այդ որոշումը սակարկելը տեղին չի համարում, քանի որ իր համոզմամբ, ցանկության դեպքում ընդդիմությունն առանց պարգևավճարների սպասելու էլ կարող էր գումարներ գտնել բարեգործական նպատակների համար։ «Իրենք իրենց մեջ որ փնտրեն, շատ տարբեր գումարներ կարող են գտնել, որ պետք է բյուջե վերադարձնեին շատ ավելի շուտ, այլ ոչ թե այս մի քանի հարյուր հազար դրամի մասին մտածեին։ Իսկ եթե ինչ-որ բան էին ուզում անեին, ես վստահ եմ` իրենց մեջ կկարողանան գտնել, օրինակ, ինչ-որ սահմանամերձ գյուղում դպրոց կառուցելու համար»,–  նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Loading...