16:06   20-09-2021
Հայաստանում նախատեսվում է 3 արդյունաբերական պարկ ստեղծել
Թողնել մեկնաբանություն

 Մենք նախատեսում ենք ստեղծել բարձրորակ ենթակառուցվածքներով 3 արդյունաբերական պարկ Իրանից, Ռուսաստանի և այլ երկրներից արտադրական ընկերություններ ներգրավելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս մասին նշեց Երևանում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» խորագրով միջոցառման շրջանակում տեղի ունեցած քննարկման ժամանակ։

«Հայաստանում առաջիկայում նախատեսվում է ստեղծել 3 արդյունաբերական պարկ։ Նշեմ, որ մի շարք ռուսական ընկերություններ, որոնք պատժամիջոցների պատճառով դժվարություններ են ունենում օտարերկրյա գործընկերների հետ շփման մեջ, Հայաստանը դիտարկում են որպես առանց սահմանափակումների բիզնես վարելու բարեկամական հարթակ»,- նշեց Քերոբյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է նրանց հետ իր հնարավորությունները կիսել ԱՄՆ-ում և Եվրոպայում։

«Բոլոր մեր ենթակառուցվածքային նախագծերում մենք ուրախ կլինենք ներգրավել ռուս գործընկերներին, շատերն արդեն իսկ խոշոր ծրագրերում մասնակցում են։ Դրանցից մեկը  մասնակցում է մրցույթի, օրինակ՝ մետրոյի կայարանի նախագծման և կառուցման համար, որը կարժենա մոտ 150 մլն դոլար»,- մանրամասնեց նա:

Նախարարը շեշտեց, որ արդեն իսկ պայմանագրեր կան ընկերություններից մեկի հետ և նախատեսվում է Հայաստանից դեպի ԱՄՆ արևային վահանակներ արտահանելու ժամանակ օգտագործել ռուսական բաղադրիչները:

Loading...