18:19   07-10-2021
«Տարվա լավագույնները» մրցույթում հաղթած մանկավարժներն արժանացան պարգևների
Թողնել մեկնաբանություն

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեդալներ, պատվոգրեր, շնորհակալագրեր, դրամական պարգևներ հանձնեց «Տարվա լավագույնները»  մրցույթում հաղթած ուսուցիչներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

«Մեր մտածողությունը, վարքը, գիտելիքները մեր ուսուցիչների քրտնաջան աշխատանքի արդյունք են: Բազմիցս եմ ասել, որ այսօրվա մեր կարևորագույն խնդիրներից է մեր երկրի, ժողովրդի անվտանգության հարցը, որի երաշխավորը կրթությունն է: Որակյալ կրթությունը ճիշտ մտածողություն է ձևավորում, իսկ դրա արդյունքում մարդու կատարած բոլոր քայլերը ճիշտ ու հստակ են լինում»,-նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունը մեծ տեղ է հատկացնում կրթությանն ու ուշադրություն է դարձնում կրթության բովանդակությանը:

Նրա խոսքով՝ դահլիճում ներկա են ուսուցիչներ, որոնք իրենց աշխատանքով են  ապացուցել, որ իրենց պետք է գնահատել: Դումանյանը կարծում է՝  ուսուցիչները միշտ ավելիին են արժանի և վստահեցնում է, որ իրենց հնարավորությունների սահմաններում արվում է  ամեն ինչ, որ ոլորտում զարգացում լինի, ինչի օրինակներից է կամավոր ատեստավորումը: Մտադիր են կրեդիտային նոր համակարգեր ներդնել:

Վահրամ Դումանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ուսուցիչներին՝ շնորհավորելով ուսուցչի տոնի կապակցությամբ:

ՀՀ ԿԳՄՍ  նախարարության կողմից իրականացված «Տարվա լավագույնները»  մրցույթին ներկայացվել է 202 հայտ, որից 141-ը անհատական, իսկ 61-ը՝ խմբային։

Մրցույթն անցկացվել է 6 անվանակարգում, որոնք սահմանված են ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի  հոկտեմբերի 7-ի 37-Ն հրամանով հաստատված «Տարվա լավագույնները» մրցույթի կարգով:

 «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում  ներկայացվել  է  146, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման  լավագույն   ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 16, «Հանրակրթական ուսումնական հաստատության  ուսումնաօժանդակ   գործունեության  լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 26, «Նախադպրոցական ուսումնական հաստատության  մանկավարժական   լավագույն  ծրագիր կամ  նախաձեռնություն»  անվանակարգում` 9, «Նախադպրոցական  ուսումնական հաստատության  ուսումնաօժանդակ   գործունեության  լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 5  ծրագիր։ «Նախադպրոցական ուսումնական հաստատության  կառավարման   լավագույն  ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում որևէ  ծրագիր  չի ներկայացվել։

Ներկայացված ծրագրային առաջարկների գնահատման արդյունքում  հանձնաժողովի  կողմից  հաղթող է ճանաչվել նվազագույն 50 միավոր ստացած   29 ծրագրային առաջարկ, որից 13-ը՝  անհատական, իսկ  16-ը՝ խմբային։ Հաղթող ճանաչված ծրագրերի հեղինակները ստացան դրամական պարգևներ և ԿԳՄՍՆ շնորհակալագրեր` ընդհանուր առմամբ 45 մասնակից:

Loading...