11:50   08-10-2021
Տեղահանված կամ անշարժ գույք կորցրած արցախցիների աջակցության ծրագրի շահառուների շրջանակը ընդլայնվել է
Թողնել մեկնաբանություն

 Արցախից տեղահանված կամ այնտեղ բնակելի անշարժ գույքը կորցրած առանձին խումբ քաղաքացիների աջակցության ծրագրի շահառուների շրջանակը ընդլայնվել է:

Ինչպես «Արմենպրես»-ին այդ մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ վերանայվել է օրեր առաջ շրջանառության մեջ դրված՝ Արցախից տեղահանված կամ այնտեղ բնակելի անշարժ գույքը կորցրած առանձին խումբ քաղաքացիների աջակցության մասին որոշման նախագծի պայմանները, ինչի արդյունքում ընդլայնվել են աջակցությունից օգտվող շահառուների շրջանակը։

Ըստ այդմ՝ միջոցառման շահառուներ կհամարվեն նախկին միջոցառումների շրջանակում 300,000 դրամ կամ 250,000 դրամ աջակցություն ստացած, 2021 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվող հետևյալ անձինք՝ աջակցության հետևյալ չափերով.

- երեխաներն՝ ամսական 50,000 դրամի չափով,

- 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք՝ ամսական 50,000 դրամի չափով,

- չափահաս բոլոր քաղաքացիներն՝ անկախ սեռից և տարիքից (այդ թվում՝ կենսաթոշակառուները), եթե չունեն հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ՝ ամսական 25,000 դրամի չափով։

Նշվում է, որ ծրագրի շահառուները պետք է հաշվառված լինեն բնակչության պետական ռեգիստրում։

«Աջակցությունը նշանակվելու է առցանց ներկայացված դիմումի հիման վրա՝ անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով։ Դիմումներ ներկայացնելու ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Որոշման նախագիծը հնարավորինս սեղմ ժամկետներում կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը։ Որոշումն ընդունվելու դեպքում սեպտեմբեր ամսվա համար աջակցության գումարը կվճարվի հոկտեմբերին», - ասված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարության մեջ:

Loading...