16:34   14-10-2021
ՀՀ կառավարությունը և «Էյր Արաբիան» ներդնում են 10-ական մլն դոլար և հիմնադրում հայկական ազգային ավիափոխադրող
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում նորաստեղծ ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով ներդնում է մոտ 4 733 մլրդ դրամ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ հասարակ (սովորական) բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:

Պետական հետաքրքրությունների ֆոնդի ղեկավար Դավիթ Փափազյանը նշեց, որ 2021-ի հուլիսի 14-ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» և Էյր Արաբիա (Air Arabia) ընկերությանն ամբողջությամբ պատկանող ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով կողմերը պարտավորվել են Հայաստանում ստեղծել ազգային ավիաընկերություն:

Այս ընկերությունում բաժնեմասնակցության համար «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ պարտավորվել է բաժնետոմսերի դիմաց վճարել 4 733 720 000 դրամ, իսկ «Էյր Արաբիա» ընկերությանը պատկանող ընկերությունը նույնպես ներդրումն իրականացնելու է իր բաժնեմասնակցության համապատասխան դրամական միջոցներով:

Ավիաընկերության կառավարումն իրականացնելու է «Էյր Արաբիան», որը հանդիսանում է Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրողը:

«Մենք պարզապես ավիաընկերություն չենք գրանցում, որը կարող էր տեսականորեն դառնալ վերջին 20-25 տարիների ընթացքում նման փորձերից մեկը: Այս ծրագրով մենք ստեղծում ենք ազգային մրցունակ ավիափոխադրող, որն ի սկզբանե ունի մրցակցային առավելություն, որն «Էյր Արաբիա» ընկերության մոդելի մոտ 20 տարվա դրական փորձն է»,- ասաց Փափազյանը՝ ավելացնելով, որ ստացել են առավելագույն կենսունակ մոդել: «Սա մեզ առաջին անգամ հնարավորություն է տալիս ունենալ երկարաժամկետ մրցունակ և կենսունակ ռազմավարության վրա հիմնված ազգային ավիափոխադրող: Ծրագիրը կենսունակ է, քանի որ իր հետ բերում է փորձարկված, հաջողված մոդել, պրոֆեսիոնալ կառավարում և երկարաժամկետ ռազմավարություն մշակելու փորձ: Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրողի հետ համատեղ ընկերության ստեղծումը նաև ներդրումային մրցակցության տեսանկյունից մեծ նշանակություն ունի»,- ասաց Փափազյանը:

Ըստ նրա՝ այս մակարդակի գործընկերոջ հետ համատեղ հաջողված ծրագիրը ավիափոխադրության բարդ ոլորտում ծառայելու է նաև մի քանի այլ վերափոխման մեգանպատակների, մասնավորապես՝ նպաստելու է ՀՀ-ն գործարարների համար գրավիչ, ներդրումների համար՝ ապահով երկիր դարձնելուն, և Հայաստանի՝ ցանկալի ու հուսալի գործընկեր ընկալվելուն: Փափազյանը նաեւ հավելեց, որ այս ընկերությունը չի ունենալու ոչ մի բիզնես արտոնություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ դեռևս 2018-ին իրենք կարևորել են ՀՀ-ում հայկական ավիաընկերությունների ստեղծման և զարգացման նպատակը, և այդ առումով Կառավարությունը որոշակի դերակատարում պետք է ունենա:

«Այս որոշումն արտահայտում է ՀՀ կառավարության՝ հայկական ավիաընկերություն ունենալու քաղաքական կամքը, ինչը չի նշանակում, թե ՀՀ-ում այլ հայկական ավիաընկերություններ չպետք է և չեն կարող լինել: Տվյալ դեպքում, ՀՀ կառավարությունը, պայմանավորվածություն ունենալով «Էյր Արաբիա» ընկերության (դուստր ընկերության) հետ, հետևյալ գործողությունն է անում՝ յուրաքանչյուր կողմը ներդնում է 10 մլն դոլար: «Էյր Արաբիա» ընկերությանը, որ փորձառություն ունի ավիաընկերություն ստեղծելու և զարգացնելու, մենք հրավիրում ենք մեզ հետ համատեղ հիմնադրել ու կառավարել ավիաընկերություն, որը կկոչվի «Արնա»:

Փաշինյանն ընդգծեց՝ ստեղծվող ավիաընկերությունը ոչ մի արտոնություն չի ունենալու և գործելու է մրցակցային հավասար դաշտում: Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անեն, որ 2022-ի գարնանից ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ իրականացնի:


Loading...