15:00   16-10-2021
Image Description
Վանաձորի թատրոնը երկօրյա հյուրախաղերով Երևանում է
Թողնել մեկնաբանություն

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը երկօրյա հյուրախաղերով ժամանել է Երևան: Թատրոնը հոկտեմբերի 15-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում մայրաքաղաքի հանդիսատեսին ներկայացավ Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» պիեսի համանուն բեմադրությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Երկիր հայրենի» ներկայացումը նվիրված է ինչպես ՀՀ անկախության 30-ամյա հոբելյանին, այնպես էլ խոնարհումի խոսք է Արցախյան 44-օրյա պատերազմում ընկածներին ու հաշմվածներին։

Բեմադրության հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանն է, որը երկար փնտրտուքներից հետո որոշել է՝ պետք է բեմադրել հենց Դեմիրճյանի գործերից, որպեսզի ներկայացումը համահունչ լինի այսօրվան և հնարավոր լինի արվեստի լեզվով բացատրել, թե ինչ է կատարվել և կատարվում մեր երկրում, թե ինչու են հայերը երբևէ բռնել գաղթի ճանապարհը:

«Ես ուզում էի պատճառներ գտնել և հասկանալ, թե ինչ կատարվեց այդ 44 օրվա ընթացքում մեր երկրում: Այսօր արդեն մեր հանդիսատեսը ականատեսն է մի ներկայացման, որն ընդգրկում է մեր երկրի համար չափազանց կարևոր իրադարձություններ»,-նշել է Շահվերդյանը:

Ներկայացման մեջ զբաղված են Վանաձորի թատրոնի երիտասարդ և ավագ դերասանները, սակայն Գագիկ արքայի կերպարը մարմնավորելու համար թատրոնը հրավիրել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Վարդան Գևորգյանին:

Աբելյան թատրոնն այս տարի նշում է 90-ամյակը և հոբելյանական միջոցառումների շրջանակում թատրոնը հոկտեմբերի 16-ին հանդես կգա Հովհ․ Թումանյանի «Անուշ» ներկայացմամբ: Ներկայացումը երևանյան հանդիսատեսը կվայելի կրկին Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

Loading...