16:50   18-10-2021
Image Description
Պարտքի էական նվազեցում, հարկային եկամուտների աճ, 7 % տնտեսական աճ. նախարարը խոսել է 2022-ի բյուջեի նախագծից
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում 2022 թվականի պետական բյուջեի նախագծով, որը կառավարությունն արդեն ներկայացրել է Ազգային ժողով, նախատեսվում է էապես նվազեցնել պետական պարտքը, ավելացնել հարկային եկամուտները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ մանրամասներ հայտնելով բյուջեի նախագծից:

«2020 թվականի համեմատությամբ մենք մտադիր ենք, որպես մակրոտնտեսական կայուն քաղաքականության նախապայման, պարտքի էական նվազեցում արձանագրել՝ 2022-ի արդյունքներով: 2020-ին ունեցել ենք ՀՆԱ-ի նկատմամբ 63.5 տոկոս պարտք: Կարծում ենք, որ 2022-ը կլինի այն տարին, որ այդ չափը կլինի ՀՆԱ-ի մոտավորապես 60 տոկոսի սահմաններում, ինչը մակրոտնտեսական կայունության և երկարաժամկետ տնտեսական աճի համար բարենպաստ միջավայր ապահովելու շատ կարևոր նախապայման է»,-ասաց Խաչատրյանը:

Կառավարությունը նախատեսում է էապես ավելացնել իր հարկային եկամուտների հնարավորությունները: 2021-ին սպասվում է, որ հարկերը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է լինեն մոտ 22.5 տոկոս, իսկ 2022-ին, հարկահավաքումը բարելավելով, նախատեսվում է, որ հարկեր /ՀՆԱ ցուցանիշը կկազմի մոտ 23.4 տոկոս:

Պետբյուջեի մասին օրենքը նախատեսում է 350 մլրդ դրամը գերազանցող ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորում, իսկ օրինակ 2021-ին պլանավորված է եղել մոտ 215 մլրդ դրամ:

Տնտեսական աճի կանխատեսվող չափը 2022-ի համար 7 տոկոս է: Դա այն նվազագույն գնահատականն է, որ դրված է նաև կառավարության հնգամյա ծրագրի հիմքում:

Անդրադառնալով գնաճին՝ նախարարը նշեց, որ այն այս տարի բարձր է: ԿԲ-ն վարում է համապատասխան քաղաքականություն արդեն տարեվերջին այն զգալի կառավարելիության վերադարձնելու ուղղությամբ: «Նախատեսվում է, որ 2022-2023 թթ գնաճը կվերադառնա միջնաժամկետ քաղաքականության թիրախային շրջանակ, այսինքն ԿԲ-ն երկու տարվա կտրվածքով կձգտի վերադառնալ 4 տոկոսի սահմաններում: Էապես ավելի կայուն կլինի, քան 2021-ին է նախատեսվում»,-ասաց Խաչատրյանը:

Նախարարը խոսեց նաև առողջապահության և ռազմական ոլորտների հատկացումներից:

Loading...