12:08   22-10-2021
Ռուս խաղաղապահները և բարերարները 1,2 տոննա հումանիտար օգնություն են փոխանցել Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչներին
Թողնել մեկնաբանություն

Ռուս խաղաղապահները, Ռուսաստանի և Հայաստանի բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչները հումանիտար նախաձեռնությամբ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ակցիան իրականացվել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի դպրոցում: Կարիքավոր ընտանիքներին է փոխանցվել 1,2 տոննա հումանիտար օգնություն:

«Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ հումանիտար ակցիա է իրականացվում: Հումանիտար օգնություն է տրամադրվելու ավելի քան 320 ընտանիքների: Առաջին հերթին մենք դպրոցական պարագաներ ենք հանձնում գյուղում սովորող դպրոցականներին»,-նշել է ռուս խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդինը:

Նա տեղեկացրել է, որ հետագայում օգնություն են տրամադրելու բազմազավակ ընտանիքներին: Նախատեսում են տրամադրել հագուստ, կոշիկ, առաջին անհրաժեշտության պարագաներ: Առաջիկայում հումանիտար ակցիայի շրջանակում երկու դիզելային գեներատոր են հանձնելու: Մեկը դպրոցի համար, մյուսը՝ գյուղի վարչակազմի համար:

Loading...