19:41   22-10-2021
Չլուծված խնդիրների պատճառով բարդ ժամանակների միջով ենք անցնում. Ալեն Սիմոնյան
Թողնել մեկնաբանություն

Եվրոպայում չպետք է լինեն բաժանարար գծեր, քանի որ բազմաթիվ մարտահրավերներ չեն ճանաչում պետական սահմաններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից, ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների համաժողովում «Եվրոպական բոլոր քաղաքացիների ընդհանուր ապագան» թեմայի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ ասել է Ալեն Սիմոնյանը:

Նշվում է, որ Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է՝ մարտահրավերները պահանջում են ակտիվ համագործակցություն ազգային խորհրդարանների եւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների միջեւ:

«Եվրոպայի խորհուրդն ազդեցություն ունի ավելի քան 800 միլիոն մարդկանց կյանքերի վրա: Այսօր աշխարհը լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած: Մենք ապրում ենք մեծ ձեւափոխումների ժամանակներում, որտեղ ահաբեկչությունը կարող է գերիշխել խաղաղության եւ անվտանգության վրա, եւ երբ արտաքին քաղաքականությունը կարող է ուղեկցվել անհանդուրժողականությամբ»,-ընդգծել է ԱԺ նախագահը:

Նա առանձնակի կարեւորել է ժողովուրդների՝ խաղաղ եւ անվտանգ միջավայրում ապրելու իրավունքի լիարժեք իրացումը՝ հավելելով.

«Եվրոպական բոլոր քաղաքացիների ապագան հնարավոր է միայն խաղաղ միջավայրում: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար այն ունի հատուկ իմաստ, քանի որ բազմաթիվ չլուծված խնդիրների պատճառով մենք բարդ ժամանակների միջով ենք անցնում»:

Այդ համատեքստում օրենսդրի ղեկավարն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, համապարփակ եւ երկարատեւ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Ալեն Սիմոնյանն անվտանգության հարցերում կարեւորել է հարեւանային քաղաքականության դերակատարությունը:

«Եվրոպայի կայունությունը փոխկապակցված է հարեւանների անվտանգության հետ: Մենք պատրաստ ենք աշխատել միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամների հետ, որոնք հետաքրքրված են տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության հաստատմամբ: Մենք կարիք ունենք միասնության, համերաշխության եւ գլոբալ գործընկերության` համընդհանուր խնդիրների լուծման համար»,-նշել է Ալեն Սիմոնյանը: 


Loading...