12:02   24-10-2021
Այս պահի դրությամբ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ խոսնակ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, մեկնաբանելով լրատվամիջոցներից ստացված հարցերը, նշել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։ Նա տեղեկացրել է, որ կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են:

«Ուզում եմ նաև ընդգծել, որ այս թեմայի շուրջ որոշ շրջանակների տարածած լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում: Իրավիճակի մեջ ճիշտ կողմնորոշվելու համար խորհուրդ կտայի ուսումնասիրել 2021 թվականի հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպմանը նախորդած լուրերը, պնդումները, «բացահայտումները», ծանոթանալ հանդիպման արդյունքներին ու բովանդակությանը և հետահայաց վերլուծել, թե որքանո՞վ էին համապատասխանում հանդիպումից առաջ տարածվող լուրերը իրականությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Վահան Հունանյանը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հիշեցրել է, որ վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վերսկսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո:

Միևնույն ժամանակ, 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության հիման վրա՝ Հայաստանը ներգրավված է եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) աշխատանքային քննարկումներում, որոնք վերաբերվում են տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: 2021 թվականի մայիսից ի վեր եռակողմ ֆորմատով քննարկվել է նաև ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը ու Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի հնարավոր մեկնարկի գաղափարը, որը մինչ այս պահը կյանքի չի կոչվել: Սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև Եվրամիությունը:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերը նշված օրակարգի մասին հայտարարել է դեռ ամիսներ առաջ և հետևողական է լինելու դրա առաջմղման, Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերը պաշտպանելու, տևական խաղաղություն և կայունություն հաստատելու հարցում»,-նշել է Վահան Հունանյանը:

Հոկտեմբերի 22-ից առցանց մամուլում չհաստատված տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ 2021 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը նոր եռակողմ հայտարարություններ են ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանագծման, ինչպե նաև՝ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ապաշրջափակման վերաբերյալ: Պաշտոնական Երևանը և պաշտոնական Բաքուն, սակայն, առայժմ չեն մեկնաբանել այդ տեղեկությունները:

Loading...