15:02   25-10-2021
Image Description
Հիմնանորոգվել է Երեւան-Վարդենիս մայրուղու 1-կիլոմետրանոց ճանապարհահատվածը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հիմնանորոգվել է Երեւան-Մարտունի-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի 1- կիլոմետրանոց ճանապարհահատվածը Մարտունի քաղաքի արեւելյան թեւում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, հիմնանորոգված ճանապարհի մակերեսը կազմել է շուրջ 8 500  քմ։ Հեռացվել է ասֆալտբետոնե հին շերտը, կատարվել է խճային հիմքի եւ երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում՝ 6 եւ 4 սանտիմետր հաստությամբ։ Նույն ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է մեկ կամուրջ, որոշ հատվածներում կառուցվել են մայթեր։  Շինարարական աշխատանքներն իրականացրել են «Շանթ-Սեյրան» ՍՊԸ ճանապարհաշինարարները։ Աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2021 թվականի սեպտեմբերից, հոկտեմբերի 25-ի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։  

«Ճանապարհաշինական պետական սույն ծրագրով նախատեսված է հիմնանորոգել Երեւան-Մարտունի-Վարդենիս միջպետական ճանապարհի 5,9-կիլոմետրանոց հատվածը, որը սկսվում է Մարտունի քաղաքի արեւելյան եզրից եւ հասնում մինչեւ Զոլաքարի հատված։ Այս տարվա ծրագրում նախատեսվել էր 1-կիլոմետրանոց հատվածը, որի շինարարությունը գտնվում է ավարտական փուլում։ Մնացած աշխատանքները կշարունակվեն եկող տարվա ընթացքում»,- նշեց Գեւորգ Խաչատրյանը։

Loading...