09:56   26-10-2021
«Արմենպրես»-ը և Երևանի պետական համալսարանը ստորագրեցին Հուշագիր համագործակցության մասին
Թողնել մեկնաբանություն

Երևանի պետական համալսարանը և մասնավորապես՝ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, Հայաստանի լրագրողական կադրերի կարևորագույն դարբնոցներից են, և «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը պատրաստ է իր փորձը, գիտելիքները և արտադրական բազան ի սպաս դնել լրագրողական կրթության զարգացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «Արմենպրես»-ի և ԵՊՀ-ի միջև Համագործակցության հուշագրի ստորագրման արարողության ժամանակ նշեց «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը՝ ընդգծելով տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությամբ արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում պրոֆեսիոնալ լրագրության և պրոֆեսիոնալ լրագրողների պատրաստման կարևորությունը: «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մեր երեխաներին պիտի սովորեցնենք կողմնորոշվել թվային աշխարհում նույնպես, ինչպես մեզ շրջապատող իրական իրերի և երևույթների աշխարհում: Այս առումով մեծապես կարևորում ենք երկուստեք ձևավորված այս նախաձեռնությունը և կարծում ենք՝ դա կդառնա հաջողված օրինակ, մանավանդ որ մեր համալսարանական գործընկերները լայն ճակատով ներառված են երկրի առաջատար լրատվամիջոցների գիտաուսումնական պրակտիկայում», - ասաց «Արմենպրես»-ի տնօրենը:

«Արմենպրես»-ի տնօրեն շեշտեց՝ անկախ փոխըմբռնման հուշագրի գոյությունից՝ «Արմենպրես»-ի և ԵՊՀ-ի համագործակցությունը արդեն իսկ տասնամյակների պատմություն ունի, և նոր հուշագիրը կգա ամբողջացնելու, միգուցե նաև նոր լիցք հաղորդելու այդ համագործակցությանը:

«Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ՝ հույս ունեմ, որ համագործակցությունը նոր որակի կբարձրացնենք, ինչը բխում է թե՛ ոլորտի, թե՛ ուսանողների, թե՛ համալսարանի, թե՛ նաև «Արմենպրես»-ի հետաքրքրություններից», - նշեց Անանյանը:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը նույնպես մեծ կարևորություն է տալիս պրոֆեսիոնալ լրագրության զարգացմանը, ինչպես նաև մասնագիտացված լրագրողների պատրաստմանը՝ ԵՊՀ շրջանավարտների բազայի հիման վրա և կարծում է, որ «Արմենպրես»-ի հետ համագործակցությունն այդ առումով օգտակար կլինի: Ռեկտորի պաշտոնակատարը հույս ունի, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արդյունքում «Արմենպրես»-ի և Ժուռնալիստիկայի ֆակուլտետի համագործակցությունը էլ ավելի կխորանա և կնպաստի ֆակուլտետում ավելի որակյալ կադրեր պատրաստելու գործին:

Loading...