10:39   28-10-2021
Image Description
Բարելավվել է Մաքենիս գյուղի ջրամատակարարումը
Թողնել մեկնաբանություն

Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում  հիմնանորոգվել է խմելու ջրատարի արտաքին ցանցը 1 կիլոմետր երկարությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մաքենիս համայնքի ղեկավար Ռադիկ Ավետիսյանը, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 10 միլիոն 700 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մաքենիսի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսին եւ ավարտվել հոկտեմբերին։ «Մաքենիսի խմելու ջրատարի արտաքին ցանցը 4,5 կիլոմետր երկարություն ունի։ Այն կառուցված է 1960-ական թվականներին ազբեստյա խողովակներով։ Ցանցը հիմնականում վնասված է, շատ են ջրի կորուստները։ Նախորդ տարի պոլիէթիլենային խողովակներով հիմնանորոգվել է արտաքին ցանցի մեկուկես, այս տարի՝ մեկ կիլոմետրը, ինչի արդյունքում որոշակիորեն բարելավվել է համայնքի ջրամատակարարումը։ Մնացած երկու կիլոմետր ջրատարը կհիմնանորոգվի եկող տարվա ընթացքում, եւ հիմնախնդիրը վերջնականապես կկարգավորվի»,- նշեց համայնքի ղեկավարը։

Loading...