14:18   28-10-2021
Image Description
100 հատ 12 մետրանոց ավտոբուս կներկրվի Երևան. մայրաքաղաքում ներդրվելու է տրանսպորտային գործուն համակարգ
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այս համաձայնագրով ֆինանսավորման շրջանակներում 100 հատ 12 մետրանոց ավտոբուս կներկրվի Երևան՝ հասարակական տրանսպորտի ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով։ Խորհրդատվական ընկերությանը պատվիրվել էր ուսումնասիրել Երևանի հանրային տրանսպորտի ցանցը, որի արդյունքում մշակվել է նոր տրանսպորտային ցանց։ Եվ առաջարկվել է այդ ցանցը գործարկելու համար գնել 845 հատ տարբեր չափի ավտոբուսներ։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ դեռ 2015 թվականից այս ուղղությամբ քննարկումներ են տեղի ունեցել։ Նախարարի խոսքով՝ ընդհանուր հաշվով բոլոր ավտոբուսները ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո։

«Այս համաձայնագրերը վերաբերում են ընդհանուր առմամբ 25 մլն եվրոյի, որից 20 մլն-ը վարկ է, 5 մլն-ը՝ դրամաշնորհ։ Խոսքը 100 հատ 12 մետրանոց ավտոբուսի ձեռքբերման մասին է։ Դրանք կոչվում են ցածրահատակ ավտոբուսներ, որոնք բավական լավ հարմարեցված են մեր բոլոր հայրենակիցների համար։ Դեռևս փետրվարին հայտարարվել է մրցույթ, և գործընթացը մրցութային փուլում է գտնվում։ Այսպիսով՝ երկու համաձայնագրեր են, մեկը վարկային, որը կնքվում է ՀՀ և ՎԶԵԲ-ի միջև, խոսքը 20 մլն եվրոյի մասին է՝ 15 տարի ժամկետով։ Եվ երկրորդ համաձայնագիրը դրամաշնորհային է, որը կնքվում է ՎԶԵԲ-ի, ՀՀ-ի և Երևանի ավտոբուս ՓԲԸ միջև։ Այսպիսով՝ կարող ենք ասել, որ սա կառավարութան հերթական խոշոր աջակցությունն է Երևան համայնքին, որպեսզի կարողանան տրանսպորտային ցանցի խնդիրները լուծել և ամբողջովին նոր ավտոբուսներով, նոր պարկով երթուղային ցանց ունենալ»,- ասաց Սանոսյանը։

Loading...