14:56   28-10-2021
Image Description
Ադրբեջանցիները փորձում են կահավորել այն դիրքերը, որոնցում հայտնվել են, բայց նման փորձերը կանխվում են. Արման Սարգսյան
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանական ուժերը ծանր ինժեներական տեխնիկայի կիրառմամբ դեպի իրենց մարտական դիրքեր տանող ճանապարհները կահավորելու ուղղությամբ որոշակի փորձեր կատարում են, բայց դրանք կանխվում են:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն՝ ԱԺ-ում անդրադառնալով ՄԻՊ-ի ահազանգին, որ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կատարում են ինժեներական ակտիվ աշխատանքներ:

«Ի՞նչն է հերքում ՊՆ-ն և ինչո՞ւ է հերքում ՄԻՊ-ին: Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներն իրականացնում են ինժեներեկան աշխատանքներ»,- պաշտպանության փոխնախարաին հարցրեց «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը

Արման Սարգսյանն արձագանքեց՝ նշելով, որ ՊՆ-ն երբեք կատեգորիկ չի հերքել, որ փորձեր չեն կատարվում: «Բնականաբար ծանր ինժեներական տեխնիկայի կիրառմամբ մարտական դիրքեր կահավորելու և դեպի իրենց մարտական դիրքեր տանող ճանապարհները կահավորելու ուղղությամբ որոշակի փորձեր կատարվում են, բայց դրանք կանխվում են: Բնականաբար իրենք ամեն գնով ուզում են, որ այն վայրում, որտեղ հայտնվել են, կահավորեն կամ որոշակի առավելություն ստանան, բայց յուրային զորքերի կողմից դրանք հնարավորինս արագ և օպերատիվորեն կանխվում են»,-ասաց Սարգսյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 18-ին ահազանգել էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները:

Loading...