16:14   28-10-2021
Image Description
Արմեն Սարգսյան. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի որոշման հարցը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի մասնակցության
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական ​​սահմանի որոշման հարցը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի մասնակցության, «ՌԲԿ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։

Նա պարզաբանել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտից հետո «առաջին օրվանից» երկու երկրների միջեւ խնդիրներ են առաջացել սահմանի հաստատման հետ կապված եւ այն հարցի շուրջ, թե կոնկրետ որտեղով է այն անցնում։ Սարգսյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը վիրտուալ քարտեզներ է օգտագործում, մինչդեռ, նրա կարծիքով, իսկական սահմանը պետք է հաստատել խորհրդային քարտեզների միջոցով:

«Այն ժամանակ [ռազմական գործողությունների ավարտից հետո] ես նույնպես նամակ գրեցի Վլադիմիր Վլադիմիրովիչին [Պուտինին], այդ նամակում ես արտահայտեցի այն միտքը, որ հենց [խորհրդային] քարտեզներում է [խնդրի հնարավոր լուծումը]։ Հակառակ դեպքում, տարբեր տեղերում կողմերը, առաջին հերթին՝ ադրբեջանական կողմը, Google-ի, էլ չգիտես ինչի քարտեզներ է օգտագործում»,- ասել է Սարգսյանը։

Նախագահը նշել է, որ այդ դեպքում ծրագրավորման հմտություններ ունեցող յուրաքանչյուր ոք կարող է ցանկացած տեղ «նկարել» սահմանը։ «Մի խոսքով, դրանք վիրտուալ քարտեզներ են։ Իսկ իրական քարտեզները. ի վերջո, մենք պատմություն ունենք, ի վերջո, ընդհանուր պատմություն Ռուսական կայսրությունում, Խորհրդային Միությունում»,- շեշտել է նա։

Սարգսյանի խոսքով՝ սահմանի որոշման հետ կապված դժվարություններ են առաջացել, մասնավորապես՝ սահմանին հայտնված գյուղերի, ինչպես նաեւ ընկերություններին պատկանող տարածքների հետ։ Օրինակ, հանքարդյունաբերական ձեռնարկություններից մեկի մասով պարզ չէ, թե «որտեղ է այժմ հանքային հատվածը՝ ձախ, թե աջ կողմում»։

Loading...