13:21   12-11-2021
Զինադադարից հետո ադրբեջանական զինուժի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել. Միրզոյան
Թողնել մեկնաբանություն

Անցյալ տարվա աշնանը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ներառյալ դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը: Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 22․000 երեխա զրկվել է կրթության իրավունքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին

«Շուրջ մեկ տարի է նաև, ինչ Հայաստանն ահազանգում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ու անդամ պետություններին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային արժեքների նկատմամբ լուրջ սպառնալիքների մասին։

Մենք երախտապարտ ենք տիկին Ազուլեին իր ջանքերի համար՝ միտված Լեռնային Ղարաբաղ և շրջակա տարածքներ անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելուն, որը համապատասխանում է «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի  կոնվենցիային։ 

Ցավոք, Ադրբեջանը շարունակում է արգելափակել այդ առաքելության իրականացումը։ Այս խոչընդոտող վերաբերմունքը  մեզ ստիպում է վատագույնը սպասել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության վիճակի վերաբերյալ։ Ե՛վ ռազմական գործողությունների ընթացքում, և՛ զինադադարի հաստատումից հետո ադրբեջանական զինուժի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և վանդալիզմի բազմաթիվ փաստագրված դեպքեր են արձանագրվել, և, թերևս, ամենատխրահռչակ օրինակը անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարին անօդաչու թռչող սարքից կրկնակի ճշգրիտ հարվածներն են»,- ասել է Միրզոյանը։

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման հետ մեկտեղ ականատես ենք լինում ավելի քան 1500 մշակութային և 19000 թանգարանային նմուշներով հարուստ՝ ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ինքնության խեղաթյուրման և ճարտարապետական տեսքի փոփոխման անթույլատրելի դեպքերի։ «Չափազանց կարևոր է միջազգային ջանքերն ուղղել և պատշաճ քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը արժանանա Նախիջևանի՝ ընդհանուր թվով 28000 ոչնչացված հայկական մշակութային ժառանգության ողբերգական ճակատագրին»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

Իր ելույթում Արարատ Միրզոյանը շնորհավորել է Օդրի Ազուլեին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նա նաև շնորհակալություն է հայտնել  բոլոր անդամ երկրներին՝ Հայաստանի՝ որպես Գլխավոր համաժողովի փոխնախագահներից մեկի թեկնածությունը սատարելու համար: 

«Այն արտասովոր մարտահրավերները, որոնց այսօր բախվում է աշխարհը՝ զինված հակամարտություններից մինչև COVID-19 համավարակ և կլիմայի փոփոխություն, ընդգծում են կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության և տեղեկատվության ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը: Հետևաբար, այսօր, երբ մենք նշում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակը, վերահաստատում ենք մեր հանձնառությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքներին և մեր աջակցությունը կազմակերպության Ռազմավարական վերափոխման գործընթացին։ 2022 թվականին կլրանա ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակը, որի ընթացքում  Հայաստանը հաստատակամորեն եղել և շարունակում է հավատարիմ մնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատին՝ ուղղված համամարդկային արժեքների առաջմղմանը և մեր ընդհանուր, այդ թվում՝ Կայուն զարգացման 2030 թվականի  օրակարգում սահմանված նպատակների իրականացմանը: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք ներկայացնել մեր թեկնածությունն անդամակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդին՝ 2021-2025թթ․ ժամանակահատվածի համար»,- ասել է արարատ Միրզոյանը։

Նա հավելել է, որ Հայաստանը հանձնառու է խթանել կրթության ապագան` հիմնված բոլորի համար հավասար հնարավորությունների սկզբունքի վրա։ «Մենք կարծում ենք, որ համաշխարհային քաղաքացիական կրթությունը կարևոր գործիք է գլոբալ մարտահրավերներին հակազդելու համար։ Հավատացած ենք, որ կրթությունն ու իրազեկվածության բարձրացումը կենսական նշանակություն ունեն ատելության խոսքի և ինքնության հիմքով խտրականության կանխարգելումն առաջ մղելու գործում։ Սա նաև 2020թ.-ին Երևանի պետական համալսարանում Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի հիմնադրման հիմնական գաղափարներից է:  Մենք լիովին աջակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Աֆրիկայի առաջնահերթության և Փոքր կղզիների զարգացող պետությունների գլոբալ ծրագրերին, որոնք պետք է առավել խթանվեն՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրթության և մշակույթի ոլորտներին։ Հայաստանն աջակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջանքերին՝ ուղղված հակամարտությունների գոտիներում մշակութային ժառանգության պահպանմանը և դատապարտում մշակութային խորհրդանիշների վրա հարձակումները՝ պայմանավորված դրանց ծագման կամ ինքնության տարբերություններով»,- ընդգծել է նախարարը:

 

Loading...