16:25   18-11-2021
ԵՊԲՀ-ում կբացվի Առողջապահության քաղաքականության գիտահետազոտական կենտրոն
Թողնել մեկնաբանություն

Երևանի պետական բժշկական համալսարանում կբացվի Առողջապահության քաղաքականության (ծրագրերի) գիտահետազոտական կենտրոն, որի ստեղծման նպատակն է առավել արդյունավետ դարձնել գործնական առողջապահության և գիտական հատվածի կապը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԵՊԲՀ-ից, մանրամասնելով, որ նպատակներից է նաև աջակցել առողջապահության բնագավառի որոշումների արյունավետության բարելավմանը՝ հայաստանյան և միջազգային լավագույն փորձի համադրության արդյունքում, ապացուցողական հենքի վրա ձևավորել ԵՊԲՀ միասնական դիրքորոշումն առողջապահությանն առնչվող հարցերի վերաբերյալ:

«Ժամանակակից աշխարհում, սրընթաց փոփոխվող առողջապահական մարտահրավերները որոշումներ ընդունող մարմիններից պահանջում են հստակ, ապացուցողական հենք ունեցող, միջազգային լավագույն փորձի վրա հիմնված և տեղի իրավիճակին համապատասխանող ու իրական կյանքում իրագործելի հրամանների, որոշումների և օրենքների ընդունում: Նման իրավական ակտերի կենսագործունեության համար առանցքային նշանակություն ունի որակյալ փորձագիտական խորհրդատվությունը, որը տրամադրվում է ոլորտի փորձագետների կողմից: Վերջինները, որպես կանոն, հանդիսանում են առաջատար կրթահամալիրների աշխատակիցներ և հաճախ միավորված են համալսարանների կազմում գործող առողջապահական ծրագրերին աջակցություն ցուցաբերող կենտրոններում: Մասնավորապես, նման կենտրոններ հաջողությամբ գործում են, օրինակ՝ Լոս Աջելեսի Կալիֆորնիայի, Ջորջ Վաշինգտոնի, Կոլումբիայի և բազմաթիվ այլ համալսարաններում»,- նշված է ԵՊԲՀ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Կենտրոնը կունենա առնվազն հետևյալ գործառույթները.

Առողջապահության բնագավառում պետական քաղաքականության մշակման, իրագործման, արդյունքների գնահատման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում.

Իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնագիտական դիրքորոշման տրամադրում՝ պետական կառավարման մարմիններին (ՀՀ ԱԺ, ՀՀ կառավարություն, քաղաքականություն մշակող գերատեսչություններ).

Ընթացիկ, արդի և հանրային հետաքրքրություն ներկայացնող առողջապահական հիմնահարցերի մշտադիտարկման, վերլուծության, կանխատեսումների իրականացում և ազդեցության գնահատականի մշակում.

Առողջապահության ոլորտի լայն շրջանակի (մարդկային ներուժի զարգացում, ֆինանսավորում, ծառայությունների մատուցում, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավում և այլն) հայեցակարգերի, ռազմավարությունների, միջոցառումների ծրագրերի մշակում.

Այլ միջազգային համալսարանների նմանատիպ կառույցների հետ համագործակցության հարթակների ստեղծում.

Ոլորտային քննարկումների կայուն հարթակի ստեղծում և տրամադրում.

Բժշկական հաստատությունների, բժշկական հաստատությունների ցանցերի զարգացման ծրագրերի մշակմանն խորհրդատվական ծառայությունների իրականացում:

Շահագրգիռ կողմերի պատվերով գիտական հետազոտությունների, թիրախային սոցիոլոգիական հարցումների իրականացնում:

Loading...