13:54   25-11-2021
Միայն ատեստավորված ուսուցիչների աշխատավարձի դրույքաչափն է ավելանալու. Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունն ունի քաղաքական որոշում, որ միայն ատեստավորված ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափն է ավելանալու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ Կառավարությունը հաջորդ անգամ  ուսուցիչների աշխատավարձի դրույքաչափը բարձրացնելու որոշում կայացնի, ունենք քաղաքական որոշում, որ միայն ատեստավորված ուսուցիչների դրույքաչափն է ավելանալու: Սա շատ կարևոր ուղերձ է: Օրինակ` 2019 թվականին մենք ուսուցիչների աշխատավարձը բարձրացրեցինք, բայց նաև կային ուսուցիչներ, որ շատ արդարացի բողոքում էին: Ասում էին «նայեք մեր աշակերտների արդյունքները, թե ինչ հաջողություններ ունեն, փաստորեն նույն կերպ մեր աշխատավարձը պետք է բարձրանա, ինչքան որ բարձրանում են ուսուցիչների, որոնց աշակերտները նման արդյունքներ չունեն»: Այսինքն` ներքին համակարգը կսկսի գործել: Հաջորդ անգամ, երբ անդրադառնանք, որ ուսուցիչների աշխատավարձի բազային դրույքաչափն ավելանում է, դա կվերաբերի միայն կամավոր ատեստավորում ստացած ուսուցիչներին»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ դա չի նշանակում, թե մնացած ուսուցիչների աշխատավարձերը չեն բարձրանալու:

Loading...