14:34   27-11-2021
COVID-ի նոր շտամը ԱՀԿ-ն համարել է սպառնալիք աշխարհի համար
Թողնել մեկնաբանություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները եզրակացրել են, որ կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն անունը ստացած շտամը կարող է սպառնալ հատկապես այն երկրներին, որոնք առանց այդ էլ դժվարությամբ են պայքարում վարակի տարածման դեմ: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Օմիկրոն կամ B.1.1.529 վիրուսը մի շարք մուտացիաներից հետո կարող է ազդել օրգանիզմում սպիտակուցների պարունակության վրա, նշում են մասնագետները։ Խնդիրն այն է, որ ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան արդյունավետ չլինել այս շտամի դեպքում:

Հարավային Աֆրիկայի օրինակը ցույց է տվել, որ վիրուսի այս տարբերակն ավելի արագ է տարածվում, քան իր նախորդները, և կարող է ազդել ավելի շատ մարդկանց վրա, ներառյալ նրանց, ովքեր նախկինում վարակվել են այլ շտամներով: ԱՀԿ-ն կոչ է արել բոլոր երկրներին ավելի մեծ ուշադրություն դարձնել նոր շտամի ուսումնասիրությանը։

Հիշեցնենք՝ վերջին շաբաթների ընթացքում վիրուսի այս նոր շտամը հայտնաբերվել է Բոտսվանայում, Բելգիայում, Իսրայելում և Հոնկոնգում։

Pfizer BionTech SE և AstraZeneca ընկերությունները նշել են, որ իրենք ուշադիր ուսումնասիրում են իրավիճակը նոր շտամի առաջացման հետ կապված: Omicron-ից պատվաստանյութերը հավանաբար պատրաստ կլինեն մինչև 2022 թվականի ամառ։ Այս կարծիքն է հայտնել Սպիտակ տանը COVID-19-ի դեմ պայքարի աշխատանքային խմբի նախկին խորհրդական Էնդի Սլավիթը։

Loading...