16:38   04-12-2021
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. դուրս բերվեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Թողնել մեկնաբանություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դեկտեմբերի 4-ին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացյալների օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղեկացնում է, որ տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և ուխտավորներ:

Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի կողմից մատուռ-մկրտարան բերվեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Սրբազան Հայրն օրհնեց ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու և համբուրելու համաքրիստոնեական սրբությունը:

Loading...