14:37   20-01-2022
Image Description
Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել Նենսի Փելոսիի հետ հանդիպումից
Թողնել մեկնաբանություն

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ հանդիպումը բավականին երկար է տևել, քննարկվել են մեծ քանակությամբ հարցեր: «Նախ ես շնորհակալություն հայտնեցի թե տիկին Փելոսիին, թե ներկա սենատորներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման գործում: Մենք քննարկեցինք նաև մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը և այն սադրանքները, որոնք լինում են սահմանին: Ուրախ եմ արձանագրել, որ հանդիպմանը մասնակցող գրեթե բոլոր գործընկերների հետ խոսակցությունը տեղի ունեցավ նույն տրամաբանության մեջ»,- ասել է Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ նախագահը մանրամասնել է, որ հանդիպել են նաև ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամների հետ, պլանավորված են մի քանի հանդիպումներ ԱՄՆ սենատորների հետ, որոնց ընթացքում քննարկելու են այսօրվա ոչ այնքան հեշտ քաղաքական, աշխարհաքաղաքական, սահմանային իրադարձությունների վերաբերյալ հայ ժողովրդին հետաքրքրող բոլոր հարցերը:  

Անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարված հարաբերություններին՝ Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, և Հայաստանը շատ անհանգստացած է այն լարվածությամբ, որն այսօր գոյություն ունի: «Հույս ունենք, որ քայլեր կձեռնարկվեն, որպեսզի այդ լարվածությունը կթուլանա»,- նշեց Սիմոնյանը:

Նա հավելեց, որ Նենսի Փելոսիի հետ հանդիպման ընթացքում այդ իրավիճակի վերաբերյալ փոքր ակնարկ եղել է, բայց Հայաստանին, մասնավորապես, հետաքրքրում է, թե ինչպես կարող է դա անդրադառնալ Հայաստանի սահմանների վրա: «Մեզ համար քննարկումն առաջնային էր հենց այդ դիտակետից: Մենք մեր երկրի ապագայի և շահի տեսանկյունից դիտարկեցինք և քննարկեցինք այդ գործընթացը»,- նշեց ԱԺ նախագահը:

Loading...