16:46   21-01-2022
Սաուդյան Արաբիան ողջունում է ՀՀ-ին. «Dubai Expo 2020»-ի շրջանակում երկու երկրները հանդես են եկել մշակութային ծրագրով
Թողնել մեկնաբանություն

Սաուդյան Արաբիայի Թագավորությունը ողջունում է Հայաստանին. հայերեն, անգլերեն ու արաբերեն լեզուներով այս գրառմամբ «Dubai Expo 2020» համաշխարհային ցուցահանդեսի այցելուներին դիմավորել են Սաուդյան Արաբիայի տաղավարում: «Dubai Expo 2020» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետությունը Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ հանդես են եկել համատեղ մշակութային ծրագրով: Համատեղ համերգային ծրագրով հանդես գալու առաջարկը եղել է Հայաստանի տաղավարի կողմից: Համերգն անցկացվել է Սաուդյան Արաբիայի տաղավարում, որն ամենամեծն է ու ամենաշատ այցելությունն է ապահովում «Dubai Expo 2020»-ի շրջանակում:

«Dubai Expo 2020»-ում Հայաստանի տաղավարի տնօրեն Լիլիթ Հակոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ համատեղ համերգային ծրագրող հանդես գալու Հայաստանի տաղավարի ղեկավարության առաջարկը մեծ ուրախությամբ է ընդունվել Սաուդյան Արաբայի տաղավարում:«Նախ ես կցանկանայի նշել, որ մեր երկու պետությունների համար բացվում է նոր էջ: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նախորդ տարի հոկտեմբերին աշխատանքային այցով եղել է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում: Եվ ահա, «Dubai Expo 2020»  հարթակը հիանալի հնարավորություն է ցույց տալու մեր երկրների միջև կապը՝ օգտագործելով երկու ժողովուրդների մշակութային ներուժը»,-ասաց Լիլիթ Հակոբյանը:

Երկու երկրների համատեղ համերգային ծրագրում Հայաստանից ելույթ է ունեցել կոմպոզիտոր Միհրան Գուրունիանը՝ Գուրումիրան, «Շուշիկի Բենդ»-ի վոկալիստների հետ, իսկ Սաուդիան Արաբիայից հանդես է եկել «Saudi Folk Group»-ը:

Loading...