18:18   21-01-2022
Image Description
«Հայկական Կարմիր խաչի» ընկերությունը պատվոգիր է ստացել ՀՀ առողջապահության նախարարությունից
Թողնել մեկնաբանություն

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը պատվոգիր է հանձնել «Հայկական Կարմիր խաչի» ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին՝ Հայաստանի մարզերում և Երևանում COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացին աջակցելու, կամավորների միջոցով հանրության իրազեկման աշխատանքները կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

 «Շատ կարևոր էր «Հայկական Կարմիր խաչի» աջակցությունը՝ պատվաստումների գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացման գործում: Մենք զգացինք, որ մենակ չենք, և ընկերությունը կանգնած է պետության կողքին: Առանձնահատուկ ուզում եմ նշել կամավորների նվիրվածությունը: Տպավորված ենք, թե ինչ մեծ արագությամբ նրանք կազմակերպված ձևով Ազատության հրապարակը վերածեցին պատվաստման կետի և, թե որքան սրտացավ էին վերաբերվում պատվաստվողներին: Շատ շնորհակալ ենք համագործակցության համար, քանի որ, եթե մենք այսօր ասում ենք, որ բնակչության մեծամասնությունը ստացել է պատվաստման առաջին դեղաչափը, այստեղ դուք ունեցել եք ձեր ներդրումը», - հանձնելով պատվոգիրը նշել է Լենա Նանուշյանը:

ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանն առողջապահության նախարարի առաջին տեղակալին է ներկայացրել ընկերության գործունեության ռազմավարական ուղղությունները և դրանց փոխկապակցվածությունը՝ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման տեսանկյունից, մասնավորապես՝ սոցիալ-առողջապահական ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

«Շնորհակալ եմ արդյունավետ համագործակցության համար: ՀԿԽԸ-ն՝ որպես աջակցող կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում մշտապես կանգնած է ձեր կողքին՝ մոբիլիզացնելով մարդկային և ֆինանսական ռեսուրսներ և աջակցելով այն ուղղություններում, որտեղ մեր կարիքը կա», - ասել է Աննա Եղիազարյանը՝ հավելելով. «Այս պատվոգիրը շատ պարտավորեցնող է և ոգևորող՝ հատկապես մեր կամավորների համար»:

Քննարկվել են նաև հետագա համագործակցության հարցեր՝ պատվաստումների վերաբերյալ առավել թիրախային իրազեկման, Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում պալիատիվ խնամքի կազմակերպման, հոգեբանական ծառայության կարևորության և այլ թեմաներով: ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը Լենա Նանուշյանին նվիրել է «Հարյուր տարվա մարդասիրություն» գիրքը՝ նվիրված ՀԿԽԸ գործունեության 100-ամյակին:

Loading...