15:33   13-05-2022
Արտակ Բեգլարյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում նահատակված ուսանող ազատամարտիկների հիշատակին նվիրված ուսանողական գիտաժողովին
Թողնել մեկնաբանություն

Արցախի Հանրապետության պետական նախարար, Արցախի պետական համալսարանի խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը մայիսի 12-ին ողջույնի խոսքով է հանդես եկել 44-օրյա պատերազմում նահատակված ուսանող-ազատամարտիկների հիշատակին նվիրված ուսանողական գիտաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Պետական նախարարի աշխատակազմից, երկօրյա գիտաժողովին մասնակցում են Արցախի և Հայաստանի տարբեր համալսարաններից ուսանողներ և դասախոսներ:

Խոնարհման ու գնահատականի խոսք հնչեցնելով 44-օրյա պատերազմում մարտիրոսված 26 ուսանող-ազատամարտիկների հիշատակին՝ պետական նախարարը միջոցառումը որակել է համահայկական նշանակության, քանի որ այն Արցախին բարոյական աջակցություն է ցուցաբերում: Նախարարի խոսքով՝ դա լրացուցիչ պարտավորություն է սահմանում յուրաքանչյուրի համար՝ սովորելու, աշխատելու և գիտական գործունեություն ծավալելու ուղղությամբ:

«Այն բոլոր արժեքներն ու սկզբունքները, որոնց համար իրենց կյանքն են զոհել մեր տղաները, այդ նույն արժեքների ու սկզբունքների համար մենք պետք է ապրենք ու գործենք: Մենք պետք է գիտակցենք, որ մեր իրավիճակը բավականին դժվար է, բայց փակուղային չէ լուծումներ գտնելու առումով: Եվ եթե ունենանք պատշաճ որակներ, արժեհամակարգ ու սկզբունքներ, համոզված եմ, որ կարդարացնենք մեր նահատակների երազանքներն ու սպասումները: Այս առումով բոլորս երիտասարդ սերնդի կողքին ենք, որպեսզի ճիշտ ճանապարհ ընտրեք ու վստահ ընթացք ունենաք»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

Աշխատակարգի համաձայն՝ գիտաժողովը ընթացել է մասնախմբերում: Երեկոյան պետական նախարարը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել զոհված ուսանողների հիշատակին կազմակերպված հուշ-երեկոյին:

Loading...