16:23   16-05-2022
Ալեն Սիմոնյանը ներկա է եղել «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի նիստին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի նիստին:

Ողջունելով ներկաներին՝ նա բարձր է գնահատել ծրագրի շրջանակում համագործակցության արդյունքները` շեշտելով, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, բրիտանական և շվեդական դեսպանությունների, UK Aid կազմակերպության համատեղ ուժերով վերանայվել են առաջնահերթ խնդիրները, որոնց պարբերական լուծումները բարձրացնում են խորհրդարանական ժողովրդավարության մշակույթի նշաձողը:

Նա արձանագրել է պատգամավորների, աշխատակազմի ու խորհրդարանի կառուցվածքային ստորաբաժանումների հետ իրականացված աշխատանքի արդյունավետությունը: Խորհրդարանի նախագահն ուշադրություն է հրավիրել հատկապես էլեկտրոնային խորհրդարանի հիմնմանը և համաշխարհային խորհրդարանների լավագույն փորձի տեղայնացմանը:

Որպես տեսանելի և առարկայական արդյունք` Ալեն Սիմոնյանն առանձնացրել է Քրեական օրենսգրքի ու Քրեական դատավարության օրենսգրքի ընդունումը, 2022 թ. «Պետական բյուջեի մասին» օրենքում առաջին անգամ ներկայացված գենդերային բյուջետավորումը:

Նա անդրադարձել է նաև ծրագրի շրջանակում խորհրդարանում ստեղծված Վերլուծական ու վերապատրաստման, Խորհրդարանական ժողովրդավարության կենտրոններին:

Եզրափակելով խոսքը` ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ այս ծրագիրն Ազգային ժողովի առանցքային նախագիծն է:

Loading...