17:53   16-05-2022
Կրեմլում բացատրել են տարբերությունը Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության և Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության միջև
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է հանգեցնել տարածքային վեճի Ռուսաստանի և դաշինքի անդամ երկրի միջև: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք տարածքային վեճեր չունենք ո՛չ Ֆինլանդիայի, ո՛չ Շվեդիայի հետ, մինչդեռ Ուկրաինան կարող էր դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, և այդ ժամանակ Ռուսաստանը տարածքային վեճ կունենար դաշինքի անդամ պետության հետ, ինչը հսկայական ռիսկեր է պարունակում ամբողջ մայրցամաքի համար»,- ասել է նա։

Պատասխանելով ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության մասին հարցին՝ Պեսկովը նշել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի ամրապնդի Եվրոպայում անվտանգության ճարտարապետությունը։ Նրա խոսքով, Մոսկվան ուշադիր հետևում է այդ հարցին։

«Հնարավոր հետևանքների շատ խորը վերլուծության պատճառ կա: Մենք չենք կարծում, ավելի ճիշտ՝ համոզված չենք, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ ինչ-որ կերպ կամրապնդի և կբարելավի անվտանգության ճարտարապետությունը մեր մայրցամաքում», – ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Մոսկվան ուշադիր կհետևի, թե ինչ հետևանքներ կունենա ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը գործնական առումով, ՌԴ-ի անվտանգության առումով։

Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ Մոսկվան «ուշադրությամբ արձանագրում է» Շվեդիայի իշխանությունների հայտարարություններն այն մասին, թե այդ երկիրը մտադիր չէ իր տարածքում օտարերկրյա ռազմակայաններ և սպառազինության համակարգեր տեղակայել, եթե միանա դաշինքին։

Loading...