19:50   19-05-2022
Image Description
ԱԺ նախագահն ընդունել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը
Թողնել մեկնաբանություն

Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջխորհրդարանական միության շրջանակում գործող Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար, Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ Ջուլիո Չենտեմերոյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը կարևորվել է հայ-իտալական փոխգործակցության առավել ակտիվացումը, խորհրդարանական դիվանագիտությունը՝ առանձնացնելով հատկապես բարեկամական խմբերի դերը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ազգային ժողովում գործող Հայաստան-Իտալիա բարեկամական խումբն ավանդաբար ամենաբազմանդամներից է, և ուրախալի է այն, որ իտալական խորհրդարանում, բացի Հայաստանի հետ բարեկամության խմբից, Միջխորհրդարանական միության շրջանակում ևս գործում է Իտալիա-Հայաստան բարեկամության երկկողմ հարաբերությունների բաժինը: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել 2020թ. 44-օրյա պատերազմի և դրանից առաջ Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող բազմաթիվ հայտարարությունների և կոչերի համար: Նա առանձնացրել է հատկապես 2021թ. մարտի 2-ին Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաձևը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ջերմ ողջույններ է փոխանցել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյին՝ հույս հայտնելով, որ Հայաստան ծրագրված նրա այցը կիրականանա, և հայ-իտալական միջխորհրդարանական բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ:

Loading...