15:37   21-05-2022
Image Description
Թուրքիայի ազգայնականների առաջնորդը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցումը «մարդկության դեմ հանցագործություն» է համարում
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին մայիսի 21-ին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությունը տեղին չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թուրքիայի քաղաքական դաշտում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ գործընկերը համարվող Բահչելին խոսել է կուսակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Տվյալ փուլում ամենաարդարացված քայլը Շվեդիային ու Ֆինլանդիային ՆԱՏՕ-ի անդամակցության «սպասասրահ» ընդունելն է: Մենք այս երկու երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին համարում ենք ժամանակավրեպ, չարդարացված ու դեպքերի անհարկի զարգացում»,- հայտարարել է նա:

Բահչելիի խոսքով՝ սկանդինավյան երկու երկրների անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին կնշանակի «Ուկրաինայում պատերազմի շարունակում»: «Մեր կարծիքով, այդ մտադրությունը համարվում է մարդկության դեմ հանցագործություն»,- հավելել է Բահչելին:

Թուրքիայի ղեկավար Էրդողանը ևս հանդես է գալիս Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության դեմ: Մասնավորապես նա թուրքական կողմի դիրքորոշումը բացատրել է Շվեդիայի և սկանդինավյան այլ երկրների կողմից քուրդ զինյալներին, ում Թուրքիան համարում է ահաբեկիչ, աջակցելու հանգամանքով: «Սկանդինավյան երկրները նման են ահաբեկչական կազմակերպությունների հյուրատան», - ասել է Էրդողանը։

Loading...