14:58   26-05-2022
Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը
Թողնել մեկնաբանություն

Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստի մեկնարկին այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2022 մայիսի 25-ին Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հավելեց, որ սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» բաժնետիրական ընկերության և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում: «Տեղի ուենցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել, սրանով Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան,և մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն: Նկատի ունեմ Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական գիտաարտադրական ոլորտը: Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ մեր առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն է ՀՀ-ում, ինչպես նաև տիեզարական սարքերի արտադրության կազմակերպումը»,-ասաց ՀՀ վարչապետը:

Թեմային անդրադարձել է նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը: 

«Հայաստանը երկրի դիտարկման արբանյակ է թողարկել։
25 մայիս 2022, Երևանի ժամանակով ժամը 22:35, ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Cape Canaveral Space Force Station կայանից SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով թողարկվել է Transporter-5 տիեզերանավը, որը Երկրի ուղեծիր է դուրս բերել 59 փոքր արբանյակներ, այդ թվում նաև հայկական՝ Երկրագնդի դիտարկման արբանյակը։
Ավելորդ կլինի ասելը, թե որքան ջանք է ներդրվել այս աշխատանքի իրագործման նպատակով, ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել և աշխատում են տիեզերքի ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրերի կազմման և իրագործման ուղղությամբ։
Անձամբ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նման ռազմավարական նշանակության նորարարական ծրագրերին աջակցությունը, ինչպես նաև ԱԺ կողմից հաստատված Կառավարության ծրագրի առաջնահերթությունները նոր հորիզոններ են բացում Հայաստանում գիտական և տեխնոլոգիական առաջընթացի համար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հակոբ Արշակյանը։

Loading...