15:36   25-06-2022
Բացվել է Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի նոր մասնաշենքը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունիսի 24-ին ներկա է եղել Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, շնորհավորելով մարզադպրոցի ողջ անձնակազմին՝ ի դեմս տնօրեն Ռաֆայել Ալեքսանյանի, վստահություն է հայտնել, որ նոր պայմանները կմղեն աշխատելու ավելի եռանդուն, նպատակադրված և խանդավառ:

Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցը հիմնադրվել է 2000 թվականին և չնայած անբարենպաստ պայմաններին՝ աշխարհի ու Եվրոպայի մի շարք մեդալակիրներ ու մրցանակակիրներ է տվել։ Նախկինում գիշերօթիկ դպրոց հանդիսացող այս շենքը ՀՀ Կառավարության կողմից փոխանցվել է Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենությանը։

Մարզադպրոցի ուսումնամարզական գծով փոխտնօրեն Վարդան Գրիգորյանի խոսքով՝ արդեն կահավորվել են մարզադահլիճը, բռնցքամարտի, ձյուդոյի դահլիճները:

Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի ավելի քան 700 սաները հնարավորություն ունեն զբաղվելու բասկետբոլ, ֆուտբոլ, բռնցքամարտ, ծանրամարտ, ձյուդո, սամբո և ըմբշամարտ մարզաձևերով։


Loading...