13:06   28-06-2022
ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները չեն հայտարարել իրենց չգոյության մասին. Նիկոլ Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցման մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին վերագրվող հայտարարությանը:

«Ադրբեջանի նախագահի հայտարարություններին նախկինում առիթ ունեցել եմ անդրադառնալու, բայց պետք է ասեմ, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, եթե լրատվամիջոցները ճիշտ են վերարտադրել, մեղմ ասած, տարօրինակ է: Ինչո՞ւ, որովհետև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը Ռուսաստանի նախագահի ենթակայության տակ և նրա որոշումների ներքո և շրջանակներում գործող պաշտոնյա է: 2022 թվականի ապրիլի 19-ին պաշտոնական այց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնություն, որի արդյունքներով Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ստորագրել ենք համատեղ հայտարարություն: Ի՞նչ ենք գրել այդ հայտարարության 24-րդ կետում. որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ պետք է համագործակցենք, պետք է օգտագործենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պոտենցիալը` նրա միջազգային մանդատին համապատասխան: Սա Ռուսաստանի Դաշնության պաշտոնական տեսակետն է, որը արձանագրված է թղթի վրա: Կարծում եմ, որ պետք է այս հակասությունը պարզաբանվի, չնայած պարզաբանելու բան չկա, որովհետև ընդունվել է համատեղ հայտարարություն»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկիր վերահաստատել է իր հանձնառությունը ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ:

«Ռուսաստանը համատեղ հայտարարության ձևաչափով, Ֆրանսիան մի քանի անգամ այդ մասին հայտարարել է, ԱՄՆ-ը մի քանի անգամ այդ մասին հայտարարել է: ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները չեն հայտարարել իրենց չգոյության մասին»,- ասել է Փաշինյանը:

Loading...