14:38   29-06-2022
ԱՀ խորհրդարանի ղեկավարն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Թողնել մեկնաբանություն

Հունիսի 29-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։ Ներկա էին մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները և աշխատակազմի պատասխանատուները։

Քննարկվել են հունիսի 30-ին կայանալիք ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը։

Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգի պարտադիր քննարկման ենթակա հարցերից հունիսի 30-ին գումարվող նիստի օրակարգում ներառվել են Արցախի Հանրապետության նախագահի 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը և Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը։

Նիստի օրակարգում ընդգրկվել են նաև գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ներկայացրած 2 տասնյակից ավելի օրենքների նախագծեր։

Նիստը կամփոփվի ԱՀ նախագահին և Կառավարության անդամներին ուղղված հարցերով ու պատգամավորական հայտարարություններով։

Խորհրդակցության ավարտին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ հունիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, տեղի կունենա ԱՀ ԱԺ հերթական նիստը։

Loading...