14:03   02-07-2022
Կրթության մշտական զարգացումը պայմանավորված է կրթություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության ընդլայնմամբ. Ժաննա Անդրեասյան
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համաժողովին, որին ներկա են գտնվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ու Մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը, մասնակցել են նաև պետական մարմինների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, գործատուներ և ոլորտի փորձագետներ:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ՀԳՀՄ-ի կատարած աշխատանքները, որոնք ներառում են տնտեսական, սոցիալական, կրթական, բնապահպանական, ՓՄՁ և կանանց ձեռնարկատիրության զարգացման ոլորտները, ինչպես նաև աշխատանքի անվտանգությունը և աշխատանքային իրավահարաբերությունները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ մաղթելով արդյունավետ քննարկում ու աշխատանք.

«Կրթության մշտական զարգացումը, կարծում եմ, պայմանավորված է կրթություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության ընդլայնմամբ: Եվ այս ուղղությամբ մեր անելիքները բազմաթիվ են: Մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու համար այսօր շատ կարևոր է, որ հնարավորինս արագ կարողանանք ակտիվացնել համատեղ իրականացվող աշխատանքների և ծրագրերի իրագործումը, որոնք կօգնեն կրթության, գիտության տարբեր ոլորտների, ինչպես նաև տնտեսության կայացմանը, ակտիվացմանը, գործարար կապերի ստեղծմանը և զարգացմանը։ Այդ առումով Հայաստանի գործատուների հանրապետական միությունն առանձնակի կարևորություն ունի և, մենք հույս ունենք, որ համատեղ ուժերով կկարողանանք լուծել այն խնդիրները, որոնք դրված են մեր առջև»։

ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը համաժողովի բացման ընթացքում ներկայացրել է միության կատարած աշխատանքները՝ ըստ միության գերակայությունների, և ասել, որ ՀԳՀՄ, լինելով պաշտոնական սոցիալական գործընկեր կազմակերպություն ՀՀ կառավարության հետ, իր գործառույթներում ներառել է հիմնական սոցիալ-տնտեսական այն ուղղությունները, որոնք համահունչ են տարբեր գերատեսչությունների առաքելությանն ու նպատակներին:

«Մենք 2021-2022 թթ. իրականացրել ենք բազմակողմանի վերլուծություններ աշխատաշուկայի կարիքների և մասնագիտական հմտությունների վերաբերյալ, այդ թվում՝ շուրջ 1000 գործատուների շրջանում հարցումներ, քննարկումներ և վերլուծություն»,- նշել է Գագիկ Մակարյանը:

Համաժողովն իր աշխատանքները շարունակել է պանելային քննարկումներով:

Loading...