11:15   03-07-2022
Image Description
3000-ից ավելի մասնակից և 60 ՏՏ ընկերություն․ Գյումրիում մեկնարկել է Tech Week Gyumri-2022 միջոցառումը
Թողնել մեկնաբանություն

Տեխնոլոգիական ընկերությունների ջանքերը մեկ տարի առաջ համախմբվել էին Արցախում։ Tech Week 2021-ը  պատերազմից հետո Ստեփանակերտում անցկացված ամենամասշտաբային միջոցառումներից էր։ «Ե՛կ Արցախ» խորագրի շուրջ էին հավաքվել IT ոլորտի տասնյակ ներկայացուցիչներ ու հազարավոր մասնակիցներ։ Tech Week 2022-ը տեխնոլոգիական փառատոնի է վերածվել Գյումրիում, դառնալով ավելի մասշտաբային։

Tech Week Gyumri 2022-ը մեկ հարկի տակ է համախմբել հաջողությունների հասած համաշխարհային ճանաչում ունեցող հայաստանյան ընկերությունների, որոնք մասնակիցներին ներկայացնելու են իրենց ստեղծման պատմություններն ու փորձը։

«Էս տարի Գյումրիում մենք արդյունքը կրկնապատկել ենք ու այս սկզբունքով պատրաստ ենք ամեն տարի մեր մարզերից յուրաքանչյուրի համար օր ու գիշեր չքնել ու ստանալ  այսպիսի մեծ միջոցառում։ Էս պահին ունենք ավելի քան 3000-ից ավելի մասնակիցներ, ունենք 60-ից ավելի ընկերություններ, ովքեր մեր գործընկերներն են և 30-ից ավելի աջակիցներ ունենք այս տարի»,- Tech Week Gyumri միջոցառման կազմակերպիչ Սպարտակ Կյուրեղյանը։

Հուլիսի 2-4-ն ընթացող տեխնոլոգիական միջոցառումը կազմակերպվել է տարբեր վայրերում, որոնք ունեն կարևոր ոլորտային ուղղություններ, այդ թվում՝ աշխատանքի տոնավաճառ, որը Tech Week 2022 -ի շրջանակներում անցկացվում է առաջին անգամ։

Միջոցառուների շարքում են «Կորիզ» գաղափարների և Հայկական ծրագրային ապահովման փորձարկման մրցույթը, ինչպես նաև հեքըթոնը, որի ընթացքում կստեղծվի տվյալների արտահոսքերի մշտադիտարկման հայաստանյան հարթակ։ Գաղափարների և հնարավորությունների մեկտեղումն ուղղված է  մարզերի համաչափ զարգացմանը ու տեխնոլոգիական ոլորտում  հետաքրքիր գաղափարներով երիտասարդների բացահայտմանը։

«Գյումրին այս պահին երկրորդն է որպես քաղաք, որտեղ տեղակայված են արդեն մի շարք ընկերություններ և մի շարք ընկերություններ էլ գիտենք, որ ցանկություն են հայտնել գալ և էստեղ գրասենյակներ բացելու։ Իրենք նաև ներկայացված են այստեղ, աշխատանքի տոնավաճառին էլ մասնակցում են իրենց թափուր աշխատատեղերով։ Համոզված եմ, որ միջոցառումից հետո, տեսնելով այսքան երիտասարդների ու այսքան պոտենցիալ, մի քանի ամիս հետո  նրանք  արդեն կարող  են դառնալ  տեխնոլոգիական համայնքի աշխատակիցներ»,- նշում է Tech Week Gyumri միջոցառման կազմակերպիչ Մարիամ Համբարձումյանը։

Tech Week 2022 -ին մասնակցում են այնպիսի հայաստանյան ընկերություններ, որոնք իրենց հաջողություններն են գրանցել և  համագործակցում են համաշխարհային հայտնի կազմակերպությունների հետ։ Տեխնոլոգիական շաբաթի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեն լսել առաջատար ընկերությունների հիմնադիրների հաջողված պատմությունները, որոնք կարող են ազդակ դառնալ ստարտափերի ստեղծման գործում։

Tech Week-ը  նաև հնարավորությունների յուրօրինակ հարթակ է տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրված պատանիների, երիտասարդների ու նաև այն մարդկանց համար, որոնք ցանկանում են փոխել մասնագիտությունն ու հմտանալ տեխնոլոգիական ոլորտում։


Միջոցառման հիմնական ուղղություններն են տեխնոլոգիաները, բիզնեսը, մարքեթինգը, դիզայնը, ինչպես նաև կիբեռանվտանգությունը։ Ծրագրի շրջանակներում մշակվել է պաշտպանական և անվտանգության  համապարփակ «Ոգեղեն» համակարգը, որի միջոցով ներկայացվում է հնարավոր կիբերհանցագործությունների տեսակները։ Այս ոլորտում պաշտպանվածություն ապահովելու համար ևս  անհրաժեշտ է մեկտեղել տեխնոլոգիական գաղափարներն ու մտավոր պոտենցիալը։

Loading...