12:07   05-07-2022
Image Description
Սահմանադրությունը կենդանի և ապրող փաստաթուղթ է. ՍԴ նախագահի ուղերձը
Թողնել մեկնաբանություն

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Դրանում ասված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ:

Լինելով զսպումներն ու հակակշիռները մարմնավորող յուրահատուկ իրավաքաղաքական համաձայնություն՝ Սահմանադրությունը կենդանի և ապրող փաստաթուղթ է: Սահմանադրորեն հռչակված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության հայեցակարգի հենքը սահմանադրական արժեքներին և Սահմանադրության ոգուն համահունչ գործելն է: Սա առավել առաջնային հրամայական է բոլոր նրանց համար, ովքեր ի պաշտոնե ծառայում են մեր Հանրապետությանը. հանձնառու ու պարտավոր ենք աշխատել առավելագույնս արդյունավետ՝ չշեղվելով մեր սահմանադրական առաքելությունից ու ծառայելով բացառապես մեր պետության հզորացմանը:

Պատմական զարգացման տարբեր շրջափուլերում հայ ժողովուրդը մշտապես ցուցաբերել է տոկունություն, խոհեմություն և ապացուցել, որ մեր հասարակության իրական ուժը բխում է ոչ թե տնօրինվող նյութական հարստության չափից, այլ միս ու արյուն է ստանում մեր կողմից որդեգրված բարձր արժեքներից:

Սիրելի՛ հայրենակիցներ, Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա՝ հուլիսի 5-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն ու բարեկեցություն»:

Loading...