Եվրամիությունը չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ, հիմնական պատասխանն Ուկրաինայում անցկացվող ռազմական հատուկ օպերացիային կշարունակեն մնալ պատժամիջոցները, որոնց էֆեկտը գնալով միայն կաճի: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Yomiuri թերթում հրապարակված հոդվածում:
Նրա խոսքով՝ բախվելով Ուկրաինայում հատուկ գործողության հետ «մենք մտադրություններից սկսեցինք անցնել գործողությունների՝ ցույց տալով, որ երբ մեզ սադրում են, Եվրոպան կարող է պատասխանել: Քանի որ մենք չենք ցանկանում կռվել Ռուսաստանի հետ, պատասխանի հիմքում տնտեսական պատժամիջոցներն են: Դրանք արդեն սկսում են ազդեցություն ունենալ, որը առաջիկա ամիսներին միայն կավելանա»:
Բորելը նաև ասել է, որ պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի դեմ, ազդում են նրա ռազմարդյունաբերական համալիրի վրա և խոչընդոտում են նավթի արդյունահանմանը։
Ի թիվս այլ հարցերի, նա նշել է ավտոմոբիլային շուկայում և ավիացիայի ոլորտում առկա խնդիրները։