13:46   06-07-2022
Ջեքի Սփիերը պետդեպից պահանջում է ներկայացնել Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու պատճառները
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը լրացում է ներկայացրել 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին, որով կոչ է անում ԱՄՆ պետդեպարտամենտին ներկայացնել զեկույց, որում փաստաթղթավորված են Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը կրկին շրջանցելու պատճառները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

«Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:

Սփիերը նաև պահանջել է, որպեսզի ներկայացվելիք զեկույցում տեղեկություն լինի այն մասին, թե արդյոք Ադրբեջանին ցուցաբերված ամերիկյան աջակցությունը չի վնասել խաղաղության գործընթացին Արցախում:

Loading...